Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկայի բացման նպատակով օգոստոսի 10-ին Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիշերել է Գյումրիում:
Այսօր վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ ուղեկցությամբ, շրջել է Գյումրու տեսարժան վայրերում: Այցը Գյումրի վարչապետը ներկայացնում էր «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ «Հայրենաճանաչության մասին. կիրակնօրյա զբոսանք Գյումրիում» խորագրով՝ կոչ անելով բոլորին ընտանիքներով գալ ու տեսնել Գյումրին: Զբոսանքի ընթացքում վարչապետին են մոտեցել քաղաքի բնակիչները, լուսանկարվել նրա հետ:
Նման մշակույթը խիստ գովելի է, երբ պետության առաջին դեմքն անմիջականորեն հարաբերվում է քաղաքացիների հետ՝ փորձելով չմիջնորդավորված տեղեկատվություն ստանալ երևանյան աշխատասենյակից հաճախ չերևացող խնդիրների, մարզերոմ տիրող իրավիճակի, փոքր ու միջին բիզնեսի խնդիրների մասին։ Այլ խնդիր է, որ նման այցերը պետք է զերծ լինեն, այպես ասած, տուրիստական բաղարդիչից, այլ խոսքով՝ վարչապետը խնդիր ունի գույքագրել տեղերում առկա խնդիրները՝ դրանց կարճաժամեկտ կամ երկարաժամկետ լուծում տալու նպատակով։ Սակայն կոնցեպտուալ այդ խնդրին կվերադառնանք այլ առիթով, իսկ առայժմ անդրադառնանք Փաշինյանի այցի ժամանակ արձանագրված մի միջադեպի, որի միջոցով հայտնի շրջանակները փորձեցին «սևացնել» վարչապետին՝ ակամայից կասկածներ ստեղծելով, որ այդ «ըմբոստությունն» ինքնաբուխ չէր։
Այցի ժամանակ Փաշինյանին է մոտեցել Մարիամ անունով մի կին և վարչապետին անվանել է խաբեբա։ Կինը ասել է, թե ոչ մի փոփոխություն երկրում չի եղել: Երբ թիկնապահները փորձել են նրան հեռացնել, Փաշինյանը կոչ է արել չքաշքել տիկնոջը: «Ամեն ինչ լավ կլինի, պետք չէ հուսահատվել»,-դիմելով կնոջն՝ ասել է նա:
Միջադեպին ավելի ուշ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանն՝ ամփոփելով Գյումրիի իր զբոսանքը։ «Շատ մեծ գեղագիտական հաճույք ստացանք, նկարվեցինք, շփվեցինք քաղաքացիների հետ, լսեցինք մեր քաղաքացու բողոքի ակցիան հլը որ, չեմ բացառում, որ էլի ակցիաներ կլինեն, կարծում եմ, որ դա ժողովրդավարական հասարակության շատ կարեւոր բաղկացուցիչ է: Ես մի հետաքրքիր բան նկատեցի, մեր սիրելի հայրենակիցը սկզբում շատ բորբոքված էր խոսում, բայց երբ մենք սկսեցինք նրան լսել, նա հանգստացավ: Շատ կարեւոր եմ համարում դա, որ ինչքան էլ իրավիճակի հետ կապ չունենա, իշխանության ներկայացուցիչը կարողանա լսել, և հետո կմտածեմ, թե ինչու էր այդ քաղաքացին բողոքում»,- ֆեկսբուքյան եթերում ասել է նա։
Ինչպես տեսնում ենք՝ վարչապետին «սևացնելու» որևէ առիթ չկա, առավել ևս, որ եվրոպական ուզածդ դեմոկրատական երկրում նման միջադեպերի պակաս չկա։ Նույնիսկ ամենաժողովրդավարական առաջնորդի քաղաքականությունը չի կարող գոհացնել բոլոր քաղաքացիներին, ու բազմաթիվ կադրեր ենք տեսել, թե ինչպես են մեծ ժողովրդականություն ունեցող Մերկելին դիմավորում՝ նրա վրա ձվեր նետելով կամ՝ օրինակ, սուլոցներով ուղեկցում են Մակրոնին, որի սոցիալական քաղաքականությունը ոչ բոլոր ֆրանսիացիների սրտով է։
Կարևորն՝ այս պարագայում, առաջնորդի վարքագիծն է։
Փաշինյանն ակնհայտորեն նման երևույթներից չի նեղվում ու փորրձում է անմիջականորեն շփվել բողոքավոր քաղաքացու հետ՝ իշխանության ու հասարակության միջև բարիկադներ կառուցելու փոխարեն։ Ի վերջո՝ եթե քաղաքացին համարձակվում է անվանարկել վարչապետին՝ անկախ մոտիվներից, սա ենթադրում է, որ երկիրը ձերբազատվել է վախի մթնոլորտից, ղեկավարին ու պետությանը նույնացնելու արատավոր «մշակույթից»։ Երբ Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը Գյումրի էին գնում, հանրապետության երկրոդ քաղաքի փողոցներն «ամայացվում» էին՝ շեֆերի ականջները «թթու խոսքի» «դառնությունից» ազատելու նպատակով։ Հենց սրանով էլ նոր իրականությունը տարբերվում է անցած երկու տասնամյակներից․ ընտրված ղեկավարից մարդիկ չեն վախենում ու կարող են նրա հետ թե լուսանկարվել ու թե նրան կշտամբել։ Երբ հայտնի շրջանակները տիրաժավորում են Գյումրիի այսօրվա միջադեպը, չեն էլ մտածում, որ ակամայից գովազդում են Փաշինյանին՝ նրան ներկայացնելով ժողովրդական կերպարով, որը հասանելի, մատչելի է անգամ ընդդիմախոսների, նույնիսկ՝ իրեն հանիրավի անվանարկողների համար։
Հայաստանը մի երկիր էր, որտեղ մարդուն նախագահի թիկնապահները դաժանաբար սպանել են «Պռիվեռ Ռոբ» արտահայտության համար։ Հայաստանը դարձել է մի երկիր, որտեղ վարչապետը դիտողություն է անում իրեն վիրավորող քաղաքացուն հեռացնել փորձող թիկնապահներին։