«Մեր ազգը երկար տանջվեց, հիմա շատ կարեւոր է, որ չսխալվի, որ իր հույսերն արդարանան: Բայց եթե այս ամենի գլխին կանգնած է Նիկոլ Փաշինյանը, ամեն բան լավ կընթանա:
Ինքը երդվյալ տղա է, ասում է` եթե ինքն էլ սխալվի, իրեն էլ հանենք: Չի համարում, որ հավերժ է եկել իշխանության»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյանը:
Նա հիշեցնում է ժողովրդական հայտնի խոսքը` «Ձայն բազմաց` ձայն Աստծո»: Դերասանի կարծիքով` ժողովուրդը ինչպես որ չի կարող վատ դերասանի սիրել, այնպես էլ` քաղաքական վատ գործչի:
Ժողովրդի մեջ հանրապետականներից լավ տպավորություն չի մնացել, իսկ Փաշինյանի հետեւում ոչ միայն հայաստանցիներն են, այլեւ ամբողջ հայ ազգը»:
Մեր զրուցակիցն այն համոզման է, որ քաղաքական դաշտում անհրաժեշտ է ընդդիմություն ձեւավորել: Նա ընդդիմադիր գործիչներին համեմատում է թատերագետների հետ.
«Երբ դերասանը լավ չի խաղում, թատերագետը քննադատում է նրան, նույնը քաղաքական դաշտում պետք է լինի»,- նկատեց նա:
Դերասանը երազում է, որ Հայաստանում շատ կուսակցություններ չլինեն, լինեն միայն երկուսը.
«Թե չէ ամեն մեկն իր կուսակցական շահերն է առաջ տանում, ժողովրդի մասին չեն մտածում, այլ իրենց կուսակցության անդամների»,- մեկնաբանեց պարոն Մովսիսյանը:
Կիսվեք ընկերների հետ