Ծամոն են ուզում մեզանից, ասում են՝ բերել եք հյուրանոց, խի՞ ձեր ռեստորանը չի աշխատում, որ մեզ կոֆե տան, ու էսպիսի լիքը դեպքեր

ANIMALI CELEBRI

Վերջին ամիսների ընթացքում գրեթե ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում, հյուրանոցային բիզնեսը դադարել է, հյուրանոցները վերածվել են կարանտինային մեկուսարանների: Մի մասը՝ անհատույց, մի մասը՝ պետության հետ պայմանագրով հատկացվում են կորոնավիրուսով վարակված կամ կոնտակտավոր անձանց, որ նրանք այդ կարանտինային 14 օրը անցկացնեն հասարակությունից մեկուսացած: Քաղաքացիները մեծ մասամբ գոհ են իրենց պայմաններից ու պետության հոգածությունից՝ ի վերջո, շատերը, որոնք կյանքում հյուրանոցի երես տեսած չկան, 14 օր ապրում են 4, անգամ 5 աստղանի հյուրանոցներում, ընդունում համեղ սնունդ, օգտվում լավ սպասարկումից: Միակ անհարմարությունը այդ երկու շաբթավա ընթացքում տեղաշարժման սահմանափակումն է, որ չեն կարողանում սենյակից դուրս գալ, գնալ զբոսնելու, շփվել մարդկանց հետ և այլն:

Ու այսքանից հետո դեռ մարդիկ կան, որոնք դժգոհում են իրենց կյանքից և պահանջում են ավելին, քան 5 աստղանի հյուրանոցն ու համեղ սնունդն է: Իհարկե, կառավարությանը կարելի է կորոնավիրուսի հետ կապված շատ հարցերում մեղադրել, բայց բաներ կան, որի պատասխանատուն պարզապես մենք՝ ինքներս ենք: Օրինակ՝ մեզ պատմեցին, որ մեկուսացածներից շատերը իրենց բավականին վատ են պահում հյուրանոցներում, փչացնում են գույքը, կոտրում եղած-չեղածը, անուն դնում ուտելիքին, թե ինչու, օրինակ, իրենց սիրած միրգը չկա իրենց բաժին մրգերի մեջ, փախուստի փորձեր են անում, շարունակ մուննաթ են գալիս բուժանձնակազմի վրա, կռվում նրանց հետ, ինչ-որ անհավանական բաներ պահանջում, որ պետությունը «պարտավոր է անել իրենց համար», նույնիսկ սպառնում որոշ դեպքերում: Եվ հիմնական համը հանողները, ասում են, Ռուսաստանից ժամանածներն են, որոնք Մոսկվայի օդանավակայաններում գիշերներ լուսացնելուց հետո հանկարծ Երևանի կենտրոնում կամ Ծաղկաձորում իրենց հատկացրած հյուրանոցներից դժգոհում են:

Մի խոսքով՝ չափազանց բարդ է այս օրերին բուժաշխատողների ու մյուս սպասարկող անձնակազմի համար աշխատել նման կոնտինգենտի հետ: Թեպետ, մյուս կողմից, կան դժգոհություններ էլ, որոնք օբյեկտիվ են, օրինակ՝ հաճախ ենք մենք ահազանգեր ստանում, որ թեստերի պատասխանները ուշացնում են, կամ կորցնում են դրանք, կամ շփոթում են պատասխանները, որի արդյունքում առողջ մարդիկ ստիպված են լինում ևս մի քանի օր անցկացնել մեկուսացման մեջ: Նաև նկատել ենք, որ հյուրանոցների դիմաց աշխատակիցները, որոնք շփվում են պոտենցիալ վարակակիրների հետ, հատուկ համազգեստով դուրս են գալիս, ծխում են, շփվում մարդկանց հետ, անգամ վերջում այդ համազգեստով տաքսի են նստում գնում տուն:

Մեկուսացածները պահանջում են անգամ իրենց ներքնաշորերը լվանալ

Hraparak.am-ին պատմեցին մի քանի տհաճ միջադեպեր ու դրվագներ, որոնք տեղի են ունեցել մեկուսացածների մասնակցությամբ: Օրինակ՝ օրեր առաջ մեկուսարանի վերածված հյուրանոցներից մեկում մի քաղաքացի չի սպասել իր թեստի պատասխանին, որը պետք է գար մեկուկես օր հետո, և որոշել է փախչել: Ոստիկանության աշխատակիցների և անձնակազմի ջանքերով քաղաքացուն բռնել նորից հետ են բերել հյուրանոց: Քաղաքացիներ կան, որ պահանջում են, որ պետությունը անվճար հատկացնի նաև այն դեղերը, որոնք կորոնավիրուսի դեմ չեն, այլ այն հիվանդությունների, որոնք իրենք վաղուց ունեին: Թեպետ՝ ասացին, որ պետությունը դա էլ է ապահովում: Բայց դեղերը՝ մի կողմ, քաղաքացիներն անգամ եղունգկտրիչ են պահանջում կառավարությունից, տպավորություն է, որ քանի առիթ է, ուզում են ամեն հարցում օգտվել պետությունից:

«Կամ մարդ կա, պահանջում է, որ իր ներքնաշորերը լվանան, ասում է՝ ես միայնակ տղամարդ եմ, ո՞վ է իմ ներքնազգեստը լվալու: Կամ ծամոն են ուզում մեզանից, ասում են՝ բերել եք հյուրանոց, խի՞ ձեր ռեստորանը չի աշխատում, որ մեզ կոֆե տան, ու էսպիսի լիքը դեպքեր: Առհասարակ, մարդիկ չեն պատկերացնում, որ իրար հետ չի կարելի շփվել, մի քիչ հսկողությունը թուլացնես, կարող է տեսնես՝ դուրս են եկել իրար հետ խոսում են»,-պատմեց մեզ այս օրերին մեկուսացածների դարդը քաշող մեր զրուցակիցը:

Աղբյուր՝ Հրապարակ

Rate article