Դավիթ Ջալալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Թռնող տղերքը․ Պանիկա՝ Քոչարյանի ճամբարում․․․
Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերջին շրջանում դրսևորած գործողությունները կարելի է ազդակ համարել նախկին ռեժիմի ներկայացուցիչների շրջանում առաջացած պանիկայի վերաբերյալ:
Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց այն մասին, որ երեկ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը ցանկացել է մեկնել Հայաստանից: «Գևորգյանը օդանավակայանի աշխատակիցներին ներկայացրել է դատարանի որոշումը, որ ինքը երկիրը լքելու թույլտվություն ունի: Սակայն Գևորգյանին արգելել են ինքնաթիռ բարձրանալ՝ բացատրելով, որ արգելքը իշխանության բարձր օղակներից է, և այդ դեպքում դատարանի որոշումը առ ոչինչ է»,- գրել է «Ժամանակ» օրաթերթը:
Հիշեցնեմ, որ այս տարվա հունիսի 8-ին էլ Հայաստանից հեռանալու փորձ էր արել Յուրի Խաչատուրովը: Նրան արգելել էին հատել հայ–վրացական սահմանը։
Ավելի վաղ, Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարել էր, որ իր վստահորդին անհրաժեշտ է եղել բուժման կուրս անցնել Մյունխենում, բայց թույլ չեն տվել:
Ինչ է ստացվում, մարտի 1-ի գործող գլխավոր մեղադրյալներն ըստ էության փորձ են արել ճողոպրել, կամ ինչպես ընդունված է ասել թռնել երկրից: Վերաքննիչ դատարանում Քոչարյանի պաշտպանական թիմի վերջին գործողությունները միտված են դատական գործընթացը հնարավորինս ձգելուն:
Ավելի ստույգ, գիտակցելով, որ դատարանը ամենայն հավանականությամբ կբեկանի Առաջին ատյանի դատարանի ապօրինի որոշումները և կալանավորելու որոշում կկայացնի, Քոչարյանի փաստաբաններն ուղղակի ջանում են ևս մի քանի օր ազատության մեջ գտնվելու հնարավորություն տալ գլխավոր մեղադրյալին:
Դատական համակագրում տեղի ունեցող զարգացումները, ԲԴԽ-ի դատավորների հրաժարականները պանիկա են առաջացրել Քոչարյանի թիմում: Նրանց հիմնական հենարանը կարծես թե ճաքեր է տալիս և ահագնանում է երկար ու ձիգ տարներ կալանավայրում անցկացնելու վտանգը: Իրավիճակի հետ հաշվի նստելով Քոչարյանին, Խաչատուրովին, Գևորգյանին ոչինչ չի մնում անել, քան մտածել փախուստի մասին:
Բնական է, որ թե Խաչատուրովը և թե Գևորգյանը գիտակցել են, որ իրենց թույլ չեն տալու հատել ՀՀ պետական սահմանը: Նրանց քայլը կարելի մեկնաբանել, թերևս այսպես․ «Փորձենք թռնել, մարդ ես մեկ էլ տեսար ստացվեց․․․»։