Զատիկը շարժական տոն է, յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։ Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։
2020-ին Սուրբ Հարության տոնը՝ Զատիկը կնշվի ապրիլի 12-ին։
Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի։ Ավագ Շաբաթ օրը հիշատակվում են Տիրոջ թաղումը և հանգիստը գերեզմանում: Ըստ Եկեղեցական կարգի՝ երեկոյան ժամերգությունից հետո սկսվում է նոր օր: Այսօր երեկոյան կմատուցվի Ճրագալույցի Ս. Պատարագ, որի ավարտին կազդարարվի Փրկչի Հարության ավետիսը. «Քրիստոս հարեավ ի մեռելոց, օրհնեալ է հարությունն Քրիստոսի»: Այս ավետիսով Մեծ Պահքը կհամարվի ավարտված:
Թեև Տիրոջ թաղման հիշատակի օրն Ավագ շաբաթն է, սակայն թաղման գլխավոր արարողակարգը կատարվում է Ավագ ուրբաթ երեկոյան: Իսկ Ավագ շաբաթ օրվա երեկոյան կատարվում է Ս. Զատկի ճրագալույցի արարողությունը՝ այսպիսով եզրափակելով Տիրոջ չարչարանքների շաբաթը և ավետելով Նրա հարությունը մեռելներից: Երեկոյան եկեղեցիներում մատուցվող Ճրագալույցի Ս. Պատարագից հետո սկսվում են զատկական տոնակատարությունները: Զատկին հաջորդող օրը մեռելոց է։ Կառավարության կայացրած որոշմանը համաձայն՝ այդ օրը կլինի աշխատանքային։