Ես Փաշինյանին դատի չեմ տվել․․․Օրբելյան

ANIMALI CELEBRI

Նազենի Ղաքրիբյանը Ֆրանսիայի քաղաքացի է, եւ մշակույթի նախարարի պարտականությունները ստանձնելու իրավունք չունի:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը՝ անդրադառնալով վարչական դատարան ներկայացրած իր հայցին, որով պահանջում է անվավեր ճանաչել «Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես Նազենի Ղարիբյանի վրա դնելու մասին» 2019 թվականի հունվարի 14–ի ՀՀ վարչապետի որոշումը:

«Եթե օրնեքով նա իրավունք չունի այդ պաշտոնը զբաղեցնելու, ուրեմն չունի նաեւ իմ ազատման հրամանը ստորագրելու իրավունք: Նա չէր կարող ինձ ո՛չ աշխատանքի վերցնել, ո՛չ էլ աշխատանքից ազատել, որովհետեւ բոլոր այն փաստաթղթերը, որոնք մենք ստացել ենք մշակույթի նախարարությունից եւ որոնց տակ Ղարիբյանն է ստորագրել, բոլորի տակ գրված է՝ ստորագրությունն իրավական ուժ չունի:

Նախկինում՝ Մակունցի, Ամիրյանի ժամանակ այդպես չէր, գրված էր, որ ստորագրությունն իրավական ուժ ունի»,- ասաց Օրբելյանը՝ վստահեցնելով, որ Ղարիբյանն իրավունք չուներ մշակույթի նախարարի լիազորություններով առաջնորդվելու, քանի որ նա մշակույթի նախարար չէր:

Օրբելյանից հետաքրքրվեցինք, թե ինչու չսպասեց մի որոշ ժամանակ եւս, գուցե խնդիրն իր օգտին լուծվեր, եւ դատական քաշքշուկների մեջ ընկնելու կարիք չլիներ, վերջինս ասաց. «Մենք երկու ամիս սպասեցինք, եթե ես երեկ կամ այսօր դատարան չդիմեի, ապա բաց կթողնեի այն երկու ամիս ժամկետը, որն օրենքով տրված է որոշումը բողոքարկելու համար»:

Գեղարվեստական ղեկավարը հայտնեց, որ ապրիլի 1-ից հետո Օպերային թատրոնի անձնակազմն այլեւս չի կարողացել հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Ես դատարան չէի դիմի, եթե 1 տոկոս կասկած լիներ, որ չեմ շահի: Ես օրենքով եմ նշանակվել, անօրեն ազատվել»,-ասաց Օրբելյանը: Գեղարվեստական ղեկավարը նկատեց, որ խոսքը երկու՝ եւ՛ վարչական ե՛ւ քաղաքացիական հայցերի մասին է:

«Վարչականի դեպքում էլ, Ղարիբյանը Ֆրանսիայի քաղաքացի է: Ես Փաշինյանին չեմ դատի տվել, այլ՝ ադմինիստրատիվ որոշումը: Վարչապետին սխալ ինֆորմացիա են տալիս եւ եթե նա գոնե մեկ անգամ լիներ թատրոնում այս 8 ամիսների ընթացքում ու մեկ ներկայացում նայեր, կտեսներ, թե մեր թատրոնն ինչպես է ծաղկում ու ինչ մակարդակի վրա է»,-ասաց Օրբելյանը՝ նկատելով, որ ՀՀ վարչապետն ու իր տիկինը՝ Աննա Հակոբյանը, դեռեւս ոչ մի անգամ Օպերային թատրոնի ներկայացումներին չեն գնացել:

Կոնստանտին Օրբելյանը հայտնեց, որ այս տարի արդեն 6 պրեմիերա են ունեցել: Նրա վստահեցմամբ՝ սուղ միջոցներով թատրոնն անում է բացառիկ աշխատանքներ: Եվ չէր ցանկանա, որ թյուրիմացության պատճառով այդ ամենը վերջանար:

«Ես Հայաստանում երբեք չէի ապրել, եկա այստեղ հրավերով եւ փորձեցի անել առավելագույնը: Կարծում եմ, եթե Փաշինյանը չուզենար ինձ հետ աշխատել, կկանչեր իր աշխատասենյակ, կնվիրեր մեկ ծաղկեփունջ կամ որեւիցե պարգեւ ու կասեր՝ շնորհակալություն կատարածդ աշխատանքի համար, բայց մենք այլեւս նպատակահարմար չենք գտնում, որ շարունակես»,-հավելեց Օրբելյանը:

Մեկնաբանեք և կիսվեք ընկերներին հետ

(Visited 98 times, 98 visits today)
Rate article