Նախօրեին լարված իրավիճակ է ստեղծվել Սյունիքում հայ–ադրբեջանական զինված ուժերի շփման գծում՝ Սեւ լճի հատվածում։
Այս տեղեկությունը հաստատեց Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանը։
«Մեր տղաները ձմեռնամուտին ընդառաջ իրենց դիրքերը բարելավել են, հակառակորդն անհանգստություն է դրսեւորել, փորձել են իրենք նույն կարգավիճակն ապահովել, բայց մեր տղաները գեղեցիկ ձեւով հակազդել են եւ չեն թույլատրել, որ հակառակորդն իր նպատակին հասնի։ Ամեն ինչ նորմալ է, ոչ մի միջադեպ եւ ընդհարում չի եղել, եւ ամրաշինական աշխատանքներ չեն եղել, այլ դիրքերի բարելավում։ Մենք ռուս սահմանապահների հետ համագործակցում ենք։ Իրավիճակը նորմալ է, լարված չէ»,– ասաց Գորիսի փոխհամայնքապետը։
Նշենք, որ 24news.am-ի հաղորդմամբ, երեկ՝ նոյեմբերի 9-ին, Սեւ լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ եւ ադրբեջանցի զինվորականների միջեւ այն բանից հետո, երբ մեր զինվորները ՀՀ տարածքում իրականացրել են ամրաշինական միջոցառումներ։ Ըստ կայքի տեղեկությունների՝ հարցին միջամտել են ռուս զինվորականները, սակայն իրավիճակը շարունակում է լարված մնալ։