«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Ռոբերտ Քոչարյանի գործը դիտարկում է զուտ իրավական տիրույթում, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել են ԲՀԿ պատգամավորները:
ԲՀԿ-ն առաջին անգամ չէ, որ տալիս է այդ գնահատականը, պարզապես պետք է արձանագրել, որ չնայած Քոչարյանի գործում վայրիվերումներով զարգացումների բավականին աշխույժ փուլին, ԲՀԿ գնահատականը չի փոխվել:
Նույն գնահատականն է հնչեցրել նաև «Լուսավոր Հայաստանը», բայց ԲՀԿ հանգամանքը այստեղ հատկանշական է այն պատճառով, որ կուսակցությունը ոչ միայն նախկին իշխող համակարգից սերված քաղաքական ուժ է, այդ համակարգում ձևավորված ուժ, այլ այդ ձևավորմանը էական ներգրավվածություն է ունեցել Ռոբերտ Քոչարյանն ու նրա նախագահական աշխատակազմը:
Ահա, թե ինչու է Հայաստանում լրագրողական, փորձագիտական հանրույթը առավել ջանադրությամբ և մեծ պարբերականությամբ հենց ԲՀԿ-ին ուղղում Ռոբերտ Քոչարյանի հետ գործակցության մասին հարցերը:
Ի վերջո, 2012 թվականի խորհրդարանի ընտրությունից և, փաստորեն, ոչիշխանական բևեռի, այսպես ասած, «պայքարի գագաթնակետին» մոտենալուց առաջ երկրորդ նախագահը բաց տեքստով իր գոհունակությունն էր հայտնում ԲՀԿ ժողովրդականության աճի կապակցությամբ:
Իհարկե, դրան հաջորդեց 2015 թվականը, երբ Գագիկ Ծառուկյանը մնաց Սերժ Սարգսյանի դեմ մենակ, և նրա «ժողովրդականության» աճով ուրախացողները բավականին արագ լքեցին Ծառուկյանին:
Այդ հանգամանքը, ըստ երևույթին, էական դեր է խաղացել Ծառուկյանի ներկայիս դիրքորոշման վրա, որն այլևս չի ցանկանում ներգրավված քաղաքական այնպիսի շրջանակ, որում շատ արագ կարող է մնալ մենակ իրադրության այս կամ այն փոփոխության պարագայում:
Ծառուկյանն այժմ էլ մենակ է, պարզապես նրա ներկայիս մենակությունն անվտանգ մենակություն է և իշխանության, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի առաջ նա պատասխանատու է իր համար, իսկ այլ դեպքում նա ստիպված է լինում պատասխան տալ բոլորի համար:
Մի անգամ պատասխանատվության այդպիսի բեռը Ծառուկյանի համար ճակատագրական ավարտ էր ունենալու: Երկրորդ անգամ նա թերևս չի մտնի այդպիսի բեռի տակ: Մյուս կողմից, սակայն, նոր իրավիճակում Ծառուկյանի համար խնդիրն այլ է:
Առերևույթ է, որ նրա համար խնդիր է Ռոբերտ Քոչարյանի հետ գործակցել-չգործակցելը: Մինչդեռ խորքային առումով ուրվագծվում է Ռոբերտ Քոչարյանի հետ մրցակցելու հարցը: Չգործակցելը Գագիկ Ծառուկյանի համար դեռևս հարցի լուծում չէ:
Եթե Ռոբերտ Քոչարյանն իրապես մտադիր է դառնալ ներքաղաքական կյանքի դերակատար, թեկուզ հանրային մեծ վստահության բացակայության կամ մեծ անվստահության պայմաններում ապավինելով ներքին լոկ ֆինանսական ռեսուրսին և արտաքին որոշ շրջանակների աջակցությանը, ապա Գագիկ Ծառուկյանը ստիպված է լինելու մրցակցել նրա հետ:
Ընդ որում, այս դեպքում մրցակցությունը կարող է լինել մեղմ բնորոշում, հաշվի առնելով այն, որ Ռոբերտ Քոչարյանը չի էլ թաքցնում քաղաքական ասպարեզում գործելու՝ հակառակորդների համար, այսպես ասած, կոշտ և ագրեսիվ մեթոդների ու ոճի կողմնակից լինելը:
Ֆորմալ իմաստով, երկրորդ նախագահը Նիկոլ Փաշինյանին է հռչակել իր մրցակից: Բայց, ֆորմալ իմաստով էլ ԲՀԿ-ն է այսպես ասած՝ երկրորդ քաղաքական ուժը: ԲՀԿ-ն կամ պահում է իր այդ դիրքը, կամ այն տանուլ է տալիս Ռոբերտ Քոչարյանին:
Քոչարյանն իհարկե կարող է թռչել ԲՀԿ գլխի վրայով, և այստեղ էլ հարցն է առաջ գալիս ՝ Ծառուկյանը թույլ կտա՞ դա, թե՞ կպայքարի իշխանության «հավակնորդի» կարգավիճակի համար: Ըստ այդմ, զուտ քաղաքական տրամաբանության իմաստով, ԲՀԿ առաջնորդի համար Ռոբերտ Քոչարյան ներքաղաքական գործոնը դառնում է շատ ավելի պարզ ընտրության հարց՝ ոչ թե գործակցել-չգործակցել, այլ մրցակցել կամ գործակցել:
Եթե ԲՀԿ նախագահը, որպես երկրորդ ուժի առաջնորդ և իշխանության փաստորեն առաջնային հավակնորդ, չի դիմադրում Ռոբերտ Քոչարյանի այդ քաղաքական հավակնություններին, ապա ինքնըստինքյան կստացվի, որ նույնիսկ ապահովում է Ռոբերտ Քոչարյանի ճանապարհը, այսպես ասած՝ «ծածկ» է դառնում դրա համար:
Ըստ այդմ, որքա՞ն ժամանակ ԲՀԿ-ն կարող է չնկատել Ռոբերտ Քոչարյանի քաղաքական գործոնն ու հայտարարել, որ տեսնում է զուտ իրավական գործ: