COVID-19-ը պատճառ դարձավ, որ Երեւանի «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի կամավորներից Էդուարդ Հովսեփյանը նոր գիտելիքներ ստանա բժշկական ոլորտից, ներսից տեսնի վիրուսի դեմ պայքարը, ձեռք բերի լավ ընկերներ։ Այժմ կարողանում է կողմնորոշվել՝ ամեն մի ծանր պահի ի՞նչ կարելի է անել, ամեն մի ծանր պացիենտի հետ ինչպե՞ս կարելի է խոսել։
Արդեն ամսից ավելի է՝ նա տուն չի գնում։ Փորձում է ամեն կերպ թեթեւացնել բուժանձնակազմի հոգսը։ Ինքն իրեն ու ընտանիքին ասել է՝ մինչեւ վերջ կանգնելու է նրանց կողքին։
Օր 1-ին
Էդուարդն էությամբ աշխույժ է, այն մարդկանցից չէ, որ կարողանա տանը նստել։ Այս մասին ոչ միայն ինքը հայտնեց, այլեւ հասկանալի էր իր հետ փոխանակած առաջին բառից։
Հիվանդանոց դիմել որոշել է արտակարգ դրություն սահմանելու ժամանակ, երբ պարզ է դարձել, որ պիտի տանը նստի։ Կարդացել է հայտարարությունը, թե օգնություն է անհրաժեշտ եւ գնացել։
«Կնոջս հետ նստեցինք, խոսեցինք, ասացի՝ կներես, բայց պիտի գնամ»,- պատմեց նա։
Դիմել է մարտի 16-ին եւ հաջորդ օրվանից տուն չի գնում։ Ծանոթացել է նոր աշխատանքին, իր բառերով ասած՝ դարձել ընտանիքի անդամ։
Պացիենտներին արագ դիմավորում են, բուժանձնակազմը զննում է, այնուհետեւ՝ գրանցում, համակարգչում մուտքագրում, ըստ կարգավիճակի՝ տեղավորում հիվանդանոցում կամ հյուրատներում․ սա Էդուարդի նոր գործն է։ Աշխատանքին արդեն սովորել է, գիտի՝ ում, որտեղ է պետք ուղարկել։
«Իմ առօրյան ամբողջությամբ անցնում է ընդունարանում։ Առավոտյան ժամը 9-ին գնում ենք, ու սկսվում է մեր գժանոցը» (ծիծաղում է)։
«Փաստորեն ինքնակամ առաջնագիծ եք գնացել» պնդմանը նույնպես ծիծաղով է պատասխանում․ դժվար է, բոլորն էլ կարոտում են ընտանիքներին, բայց երբ հարցն ազգին է վերաբերում, պետք է։
Հայացք ներսից
«Այնտեղ եկած ցանկացած մարդ մտածում է իր հարազատների մասին։ Ծնողները գալիս են ասում՝ վա՜յ, իմ երեխաներին հանկարծ չվարակենք: Երեխաներն էլ գալիս ասում են՝ մենք ջանդամ, ծնողներին, տատիկ, պապիկին չվարակենք»,- պատմեց նա։
Կամավորության այս շրջանում շատ բան են տեսել՝ ծանր պացիենտներից՝ մինչեւ դժգոհ մարդիկ։
«Մարդիկ կան՝ գալիս են, դժգոհ մտնում, որ պիտի հեսա մեզ հետ կռիվ անեն, թե այս ի՞նչ վիրուս է, բերեցիք գցեցիք մեր ջանին»,- նկարագրեց Էդուարդը՝ ավելացնելով, որ հետո տեսնում են մթնոլորտն ու հասկանում՝ այնտեղ բոլորն անկեղծ ուզում են իրենց օգնել։
Հիվանդանոցի պատերից այն կողմ ուժեղ բժիշկները, բանվորները կամ պահակները թաղծոտ աչքերով են, զգում են ընտանիքի անդամների կարիքը։ Առավել շատ իրենք են ուզում, որ այս ամենը շուտ ավարտվի, գնան տուն. օր ու գիշեր չարչարվում են։
«Որ նստում են, հիշում են մամայի եփած ճաշը՝ վա՜յ, տատիս սենց ասաց, երեխաս այս պահին սենց էր ասում: Դաժան պահ է, որ նստում ես ու կողքից լսում, թե ինչպես են խոսում, արտասվում»,- շարունակեց Էդուարդը։
Դժվար աշխատանքն ու չարչարանքը, սակայն, չեն խանգարել, որ անձնակազմն այնքան լավ ու, իր բառերով ասած, ջիգյարով ընդունի կամավորներին։ Հիվանդների մասին էլ խոսք չկա․ այնտեղ զգում են, որ բոլորը փորձում են ամեն ինչ անել, որ քաղաքացիները մեկ րոպե անգամ վատ չզգան։
Բարդ ու պատասխանատու առօրյան էլ փորձում են կատակներով, երբեմն երգելով կամ պարելով անցկացնել
«Ուզում ենք այնպես անել՝ ե՛ւ մեր լարվածությունը մի քիչ թուլանա, ե՛ւ տրամադրությունը տեղը լինի, որ կարողանանք այդ ամեն ինչի տակից դուրս գալ»,- անկեղծացավ նա։
Առօրյայից պատմելիս հիվանդանոցում իր ձեւավորված ընտանիքի անդամների անուններն է թվարկում՝ Սեյրանը, Հայկը, Գագիկը, ընդունարանի պատասխանատու բժիշկ Ռիմա Սերգեյեվնան, որ այնպես է ուզում անել՝ ոչ ոք մի փոքր անգամ չնեղվի։ Բուժաշխատողներն ամեն ինչ դրել են մի կողմ՝ ընտանիք, ամուսին, երեխա, եւ իրենց առաջ դրել նպատակ՝ պետք է օգնեն հայ ազգին։
«Եթե մեր ժողովուդը մի քիչ բուժանձնակազմի մասին մտածի, բուժանձնակազմն էլ անպայման շատ շուտ կգնա տուն»,- նկատեց Էդուարդը։
Վարակվելու վախ կամավորի մոտ թեեւ կա, սակայն երբ գիտակցում է՝ ինչի համար են պայքարում, խնդիրն այլ է դառնում։ Իրենց օրգանիզմը կարծես սովորել է, այս օրերին նույնիսկ ցավ չեն զգում։ Նրա կարծիքով՝ այստեղ Աստծո օգնությունն էլ կա։ Մինչ հիվանդանոց տեղափոխվելն ատամի ցավը հանգիստ չէր տալիս, ինչ մտել է «Նորք», այդ մասին չի էլ հիշում։
Լուսանկարը Էդուարդ Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից։ Ձախից 1-ը՝ ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը, 2-րդը՝ Էդուարդ Հովսեփյանը
«Բիձուս լա՛վ կնայեք»
Մի օր թեստավորելու համար հիվանդանոց էին բերել 82 տարեկան պապիկի, որին ուղեկցում էր կինը։ Տղամարդը մի քիչ խեղճացած էր, ջերմություն ուներ։ Այդ օրվա դեպքը շատ է տպավորել Էդուարդին։
Տատին, մոտենալով ներկաներին, ասել է․ «Բիձուս բերել եմ, լա՛վ կնայեք»: «Հետո էլ նայեց պապիկին՝ բիձա՛ ջան, չնեղվես: Վերջում ուզում էր ճակատը պաչել, չթողեցինք»,- պատմեց կամավորը՝ ավելացնելով, որ տատիին պատասխանել են, թե բոլորին էլ լավ են նայում, բայց սա կարծես թե չի սփոփել նրան։
Տատին պատմել է, որ 56 տարի է՝ ամուսնացած են, նույնիսկ մեկ օր առանց իրար չեն մնացել, իսկ հետո արդեն «սպառնացել» է՝ վա՛յը եկավ ձեզ տարավ, որ ասացիք՝ թեստը դրական է ու տարաք մեկուսարան։ Ներկաների այն կատակին էլ, թե տանելու են սիրուն աղջիկների մոտ, պատասխանել է՝ ուր ուզում են տանեն, միայն թե առողջ հետ բերեն: Պայմանը դա է։
Հաջորդ օրն առավոտվանից կինն արդեն հիվանդանոցի դռան դիմաց նստած է եղել ու բողոքել, որ այլեւս չի դիմանում։ Իրեն ուղեկցող որդին էլ գանգատվել է, թե խեղճ կինը, ինչ ամուսինը հիվանդանոցում է, ո՛չ հաց է ուտում, ո՛չ՝ ջուր խմում, առավոտից երեկո աղոթում է ու լաց լինում։
Պապիկի թեստի պատասխանը բացասական էր, սակայն անձնակազմը չի էլ պատկերացրել, թե այդ լավ լուրն ինչպես կարող է ազդել անհամաբեր սպասող կնոջ վրա։
Լուրը լսելուն պես նա հուզվել է ու բացականչել. «Արի՛, բիձե՛ս, արի՛ քաչալդ պաչեմ, ես քեզ շատ եմ սիրում»,- պատմեց կամավորը՝ ավելացնելով, որ այդ ժամանակ ոչ ոք չի կարողացել խանգարել, որ կինը գրկի ամուսնուն, պարտադրել սոցիալական հեռավորություն պահպանել։ Լաց լինելով գրկել է ու 5 րոպե բաց չի թողել։ Տեսարանը բոլոր ներկաներին է հուզել։ Իրենք էլ սկսել են ծափահարել ու մաքրել արդեն իրենց արցունքները։
Ալկոգել, ձեռնոց եւ դիմակ
Նրան, որ «Նորք»-ում էդուարդը կամավոր դառնար, կինն ի սկզբանե դեմ էր։ Իրենք ոչ վաղ՝ 2019 թվականի օգոստոսին են ամուսնացել, սկզբում դժվար էր, կարոտում էին։ Հիմա էլ թեեւ բարդ է, սակայն կինը սկսել է հասկանալ, ըմբռնումով մոտենալ, նույնիսկ ցանկանում է միանալ կամավորների խմբին: Այս անգամ Էդուարդն է դեմ։ «Ես էլ ասում եմ՝ չէ, տնից՝ մեկը»։
Կնոջ ծննդյան տարեդարձն ապրիլի 18-ին էր: Մինչ նա տանն էր հիվանդանոցում որոշում էին՝ ինչ անակնկալ մատուցել։ Այդ օրը տնօրինությանը խնդրել են՝ արտահագուստ հագած՝ մի քանի հոգով գնան շնորհավորելու։ Երկար դադարից հետո առաջին անգամ տեսել է կնոջը, սակայն՝ հեռվից, դռան մուտքի մոտից ներկայացրել է անակնկալը՝ տորթ, մոմեր ու այսօր շատ պահանջված նվեր՝ ալկոգել, ձեռնոց եւ դիմակ։
«Սա երեւի իր ամենաուրախ ու հիշվող ծնունդն էր՝ չնայած իրարից շատ հեռու էինք»,- նկատեց Էդուարդը։
Հետագայում կնոջ գրառումն է հուզել նրան: Սոցցանցում նա գրել է․ «Մնա՛ տանը, որ իմ սիրելին գա տուն»։
Դրանից հետո նույնն բանն արդեն ինքն է խնդրում, որ մարդկանց ասենք՝ տանը մնան, բժիշկները, կամավորություն իրականացնողները եւս ուզում են՝ այս ամենն ավարտվի, իրենց հարազատներին տեսնեն։
Էդուարդի խոսքով՝ այս վիրուսը շատ բան հասկացրեց․ ամեն վայրկյանը թանկ է. պիտի անցկացնես հարազատիդ հետ։