Լոռու մարզում կինը տարիներ շարունակ դաժան բռնության է ենթարկվել ամուսնու կողմից, որին ականատես են եղել նաեւ երեխաները:
Ընտանեկան բռնության ահասարսուռ դեպքը գրանցվել է մարզի գյուղերից մեկում:
Համատեղ ընտանեկան կյանքի սկզբում` 1997-2012թթ. ամուսիններն ապրել են խաղաղ, բայց հետո ամուսինը կնոջ կյանքը վերածել է դժոխքի` պարբերաբար ենթարկելով ծեծի:
Տեւական ժամանակ` 2012-2016 թթ. նա կնոջ հետ վիճաբանել է կենցաղային խնդիրների պատճառով` ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին: Բռնությունների հետեւանքով կնոջը պատճառվել են տարբեր մարմնական վնասվածքներ`որոնց հետեւանքով նրա մոտ առաջացել է ծանրալսություն:
Իսկ 2016 թվականի օգոստոս ամսին ամուսինը` ծնված 1958 թ., կնոջն սկսել է մեղադրել ամուսնական անհավատարմության մեջ, ու հենց զավակների ներկայությամբ ծեծել նրան, ապա վառարանի վրա տաքացրել ջուրն ու այն լցրել կնոջ վրա, որից հետո նույն վառարանի մեջ տաքացրել մետաղյա ձողը ու այն մոտեցրել իր երեխաների մոր մարմնի տարբեր մասերին` այդ կերպ վերջինիս առանձին դաժանությամբ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանքներ:
Տղամարդը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել, բայցեւ չի հերքել, որ ծեծել է:
Նա ցուցմունք տալով հայտարարել է , թե «ծեծել եմ, երբ որ պետք է եղել, լավ եմ արել, որ ծեծել եմ, ոչ միայն ծեծել, այլև ջարդել եմ նրան, քանի որ դրանով հանգստացել եմ»: Կնոջը ծեծելու համար չի փոշմանել և չի զղջացել` ընդգծելով, թե բոլոր տղամարդիկ ծեծում են իրենց կանանց: Ավելին` նա հայտարարել է, թե իր հայրն ու եղբայրը նույնպես ժամանակին ծեծել են իրենց կանանց:Իրենց հարևանները նույնպես ծեծել են և մեծ մասը բաժանված են իրենց կանանցից:
Նա իր գործողությունները պատճառաբանել է կնոջ դավաճանությամբ, թե , իբր, նրան երկու անգամ բռնել է իրեն դավաճանելիս, իսկ վերջին անգամ ծեծել է իր Ռուսաստան գնալուց 13 օր առաջ` 2016 թվականի օգոստոսի 26-ին: Ծեծելուց առաջ անձամբ կնոջը տեսել էր «պերեվալներում» մի տղամարդու հետ: Նրան ծեծել է իրենց երեխաների ներկայությամբ և երեխաներին ասել է, թե ինչու համար է ծեծում նրանց մորը:
Պատմելով բռնության հերթական դրսեւորումներից մեկի մասին` կինը նշել է, որ ամուսինն իրեն անհիմն մեղադրել է ամուսնական անհավատարմության մեջ, կրկին ծեծել իրենց երեխաների ներկայությամբ` մի քանի անգամ բռունցքներով հարվածներ հասցնելով իր գլխին, դեմքին և կողերին: «Այնուհետև տանը գտնվող վառարանի վրա տարայի մեջ տաքացրել է ջուր և սկզբում եռացրած ջրի մի մասը բաժակի մեջ լցնելով, շփել է կրծքավանդակի շրջանին, իսկ ջրի մյուս մասը թեյնիկով սկսել է աստիճանաբար իր մարմնի տարբեր մասերին` թևերին և ոտքերին լցնել, ասելով, որ աստիճանաբար պետք է ոչնչացնի, այլանդակի, տանջամահ անի: Այդ ամենին ներկա գտվող երեխաներին ասել է. «տեսեք երեխեք, էս ոնցա դիմանում, ոնց որ Կամոն լինի, ձեն չի հանում»», — պատմել է կինը` նշելով, որ ցավերին դիմացել է, որովհետեւ գիտեր, որ եթե ձայն հանի կամ գոռա, նա դրանից ավելի է զայրանալու:
Բռնության այս դաժան տեսարանները սթրեսի են ենթարկել աղջկան, ով օրեր շարունակ գամված է եղել անկողնում:
Դրանից մի քանի օր հետո ամուսինը գնացել է Ռուսաստան, իսկ այնտեղից վերադառնալուց առաջ ասել, որ տնից հեռանան:Կինն էլ երեխաների հետ հեռացել է և ներկայումս բնակվում են վարձով` Վանաձոր քաղաքում:
Դատարանը հիմնավորված է համարել կնոջը հոգեկան ու ֆիզիկական տառապանք պատճառելու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ամուսնուն առաջադրված մեղադրանքը ու նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 3 /երեք/ տարի ժամկետով: Բայց ի վերջո կիրառվել է համաներում ու ազատվել պատժի կրումից