SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ հունվարի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 17:30-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորամասից ահազանգ է ստացվել ոստիկանության Բաղրամյանի բաժին, որ Երվանդաշատ-Բագարան տեղամասում իրենք հայտնաբերել են առանց փաստաթղթերի 2 քաղաքացու, ովքեր հայտնել են, որ իրենք տեղաբնակներ են: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,
նշված վայր են մեկնել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի և ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խումը՝ բաժնի պետի գլխավորութամբ:
Ժամանել են նաև ՀՀ Անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության և Հայաստանում տեղակայված ՌԴ N զորամասի Երվանդաշատ վարչական շրջանի ուղեկալի սահմանապահ զորքերի աշխատակիցները:
Վերջիններս ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, Երվանդաշատ վարչական տարածքում տեղակայված ուղեկալի կողմից հսկվող վայրից ոստիկանության Բաղրամյանի բաժին են բերման ենթարկել Արմավիրի մարզի բնակիչներ, 25-ամյա Իգոր Բ.-ին և 27-ամյա Մխիթար Պ.-ին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Իգոր Բ.-ի մոտ եղել է «ԱԿ» տիպի ինքնաձիգ, իսկ Մխիթար Պ.-ի մոտ «Կարաբին» տիպի հրազեն՝ մի քանի փամփուշտներով: