Անհավատալի առեղծվածներ Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» կտավի մասին

ANIMALI CELEBRI

Լեոնարդո դա Վինչի հայտնի կտավի գաղտնիքները․․․։

Ստեղծումը

Խորհրդավոր ընթրիք (Il Cenacolo կամ L’Ultima Cena), Քրիստոսի ու նրա աշակերտների վերջին ընթրիքը պատկերող որմնանկար է` ֆրեսկա, որ Լեոնարդո դա Վինչին նկարել է Միլանի Սանտա Մարիա դելլե Գրացիե վանքի սեղանատան պատին, 1495 թվականին։ Նկարի բարձրությունը 460 սմ է, լայնությունը՝ 880 սմ։

Նկարագրություն

Նկարը միստիկ լուսավորություն ունի, երկար ու նեղ սեղան, նախշազարդ սփռոց, վրան ուտելիք։ Սեղանի շուրջ՝ 13 մարդ, երկուսը ծայրերին՝ կիսադեմով, մնացածները դեմքով դեպի դիտողը։

Կենտրոնում Քրիստոսն է՝ դեմքի մեղմ, ամենի հետ հաշտված ու ամեն ինչ իմացող արտահայտությամբ: Աչքերը խոնարհված են։ Ետևում երեք պատուհան, Քրիստոսը եռանկյունու մեջ է: Հուզում կա օդում:

12 առաքյալները բաժանված են 4 խմբի՝ յուրաքանչյուրում 3 մարդ։ Հուդան Քրիստոսի աջ կողմում նստած եռյակի մեջ է, հագել է կանաչ և կապույտ։ Բոլորի դեմքերը լուսավորված են, միայն Հուդայինն է մութ: Նրա ձեռքին քսակ է երևում. Դա Վինչին ակնարկում է այն արծաթը, որի դիմաց նա մատնեց Քրիստոսին։ Հուդայի ձեռքը դիպչում է աղամանին: Արևելյան մի արտահայտություն կա՝ «Աղը դավաճանել», այսինքն՝ «Տիրոջը դավաճանել»։

Պետրոսը բարկացած տեսք ունի և ձեռքին դանակ, որն ուղղված է Քրիստոսին հակառակ, ասես պաշտպանի Տիրոջը։ Ամենաերիտասարդ ու գեղեցկադեմ առաքյալ Հովհաննեսը կարծես ուշագնաց լինի։

Յուրաքանչյուր կերպար ունեցել է իր բնորդը: Քրիստոսին պատկերելու համար Լեոնարդո Դա Վինչին արագ է բնորդ գտնել, իսկ ահա Հուդայի համար բնորդ երկար տարիներ չի կարողանում գտնել:

Ավանդույթի համաձայն, մի օր փողոցում նկարիչը պատահաբար մի հարբեցող է տեսնում, և միանգամից հասկանում է, որ հենց դա է Հուդային ամենաբնորոշ դեմքը: Նկարելու ընթացքում մարդը հարբած է լինում, իսկ երբ ուշքի է գալիս, պատմում է, որ տարիներ առաջ էլ է ինքը Դա Վինչիի համար բնորդ աշխատել, այդ ժամանակ սակայն՝ Հիսուսի կերպարի համար…

Նկարի հետագա կյանքը

Մինչև 1556 թ. «Խորհրդավոր ընթրիքն» արդեն այնքան էր փչացել, որ կերպարներն անճանաչելի էին դարձել։ 16-րդ դարում տեղի ունեցած մի քանի ջրհեղեղներն ավելի վատացրեցին վիճակը։ Բացի դա, վանականները պատկերացում չունեին՝ ինչքան արժեքավոր նկար է իրենց ճաշարանի որմնանկարն իրականում:

Նկարի մասին հոգ չէին տանում, և դեռ հակառակը, վնասում էին այն: Խոհանոցից ճաշարան ճամփան կարճելու նպատակով նրանք կտրեցին պատը՝ նկարով հանդերձ…

Նախ՝ կտրեցին Քրիստոսի ոտքերը, դրանով վնասվեց ողջ պատը, ներկի ծեփը թափվեց, իսկ խոհանոցային գոլորշիները վերջնականապես քայքայելցին ներկը:

1768 թ. որոշեցին վարագույր կախել՝ որմնանկարը խոնավությունից պաշտպանելու համար, սակայն այդպես այն ավելի վնասվեց:

1796-1797 թթ. Բոնապարտի կողմից Միլանն օկուպացնելու ժամանակ Սանտա Մարիա դելլե Գրացիեի սեղանատունը սկզբում ախոռի վերածվեց, հետո անասնակերի պահեստի, հետո՝ բանտի…

Սանտա Մարիա դելլե Գրացիե վանքը

Հետագա դարերում նկարը վերանորոգելու ու վերականգնելու բազում փորձեր են արվել, սակայն այսօր միայն արտատպումներն ու արտապատկերումներն են մոտավոր պատկերացում տալիս՝ ինչքան խորհրդավոր, խորը, միստիկ ու ֆանտաստիկ աշխատանք է արել Լեոնարդո Դա Վինչին՝ հետագա դարերին թողնելով բազում գաղտնիքներ, առեղծվածներ ու պատգամներ…

Տեղեկացրեք Ձեր մտերիմներին

(Visited 72 times, 72 visits today)
Rate article