Դավիթ Ջալալյանը իր ֆեսբուքյան էջում գրել է․
ՀՀ գլխավոր դատախազի «ապտակը» Ռոբերտ Քոչարյանին
Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննության ժամանակ մեղադրող կողմը ի դեմս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, միջնորդեց բեկանել Առաջին ատյանի դատարանի որոշումը և կալանավորել մարտի 1-ի գործով գլխավոր մեղադրյալին:
Ավելի վաղ, Արթուր Դավթյանը խորհրդանշական էր համարել այն, որ Քոչարյանն իր դեմ գործով դատական նիստի ժամանակ ասել էր, որ յուրաքանչյուրն իր արարքի համար պատասխան է տալու։ «Ես խորհրդանշական եմ համարում, որ նման արտահայտություն է անում մեղադրյալ, իսկ մեղսագրված արարքների կատարման պահին ՀՀ նախագահ հանդիսացած անձը։ Կարծում եմ` սա արդեն իսկ վկայում է բավական լուրջ արդյունքների մասին, և, այո, ամեն մարդ իր արածի համար պատասխան է տալու»,–ասել էր գլխավոր դատախազը։
Այս հայտարարությամբ Արթուր Դավթյանը որևէ հայտնագործություն չի արել, հնչեցնելով այն ինչը շատերիս համար պարզ է: Ակնհայտ է, որ եկել է Քոչարյանի պետական հանցագործության համար պատասխան տալու ժամանակը:
Բայց արի ու տես, որ իրեն վոին հռչակած և մեր պետության նախագահի պաշտոնը բռնազավթած անձնավորությունը այսօր էլ հանդգնում է սպառնալիքի լեզվով խոսել, հնչեցնելով պատասխան տալու թեզը:
Ժողովրդի վստահությունը վայելող, օրինական իշխանության ներկայացուցչի՝ ՀՀ գլխավոր դատախազի այսօրվա հայտարարությունը իրականում ոչ միայն խորհրդանշական էր և համարժեք, այլև ներկայացրեց հասարակության գերակշիռ մեծամասնության դիրքորոշումը բարձր ատյանում:
Բարոյական ապտակ հասցնելով Քոչարյանին, Արթուր Դավթյանն ըստ էության ասաց, որ սպառնալիքների, զոռբայության, ահաբեկչության և ապօրինությունների ժամանակներն այլևս անցյալում են և հասունացել է պատասխան տալու և պատասխանատվության ենթարկելու պահը: Դավթյանը նաև հասկացնել տվեց, որ տարատեսակ ստոր և դավադիր եղանակներով Քոչարյանի և նրա թիմի արդարությանը դիմադրելու ռեսուրսն այլևս սպառված է:
Մեկնաբանեք սոցցանցերում և կիսվեք ընկերների հետ