Իրավապաշտպան Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել . «Ինչո՞ւ և ի՞նչ նպատակով սադրեց Էդմոն Մարուքյանը: Այն, որ նախկիններն ընկան խուճապի մեջ ապօրինի ծագման գույքի բռնագրավման օրենքի ընդունումից հետո, դա հանրահայտ փաստ է և ապացուցման կարիք չունի: Որպեսզի այդ օրենքը չանցնի, նրանք օգտագործեցին իրենց վերջին ռեսուրսը.
բացահայտեցին Ազգային ժողովում ներդրված իրենց «գործակալներին»: Այն է՝ «Լուսավոր Հայաստան»-ը կողմ չքվեարկեց օրենքի նախագծին: Բայց օրենքն անցավ: Ամեն գնով օրենքը կասեցնելու համար նախկինները որոշեցին գնալ ամենազզվելի, հակապետական քայլին, այն է՝ ճգնաժամի վիճակում գտնվող երկիրը տանեն նոր, ավելի ահավոր ցնցման՝ թուրքի հոգեբանությամբ հաշվարկելով նաև կորոնովիրուսի պատճառով հայտարարված արտակարգ իրավիճակը:
Իսկ ո՞րն է այդ ցնցումը, որը, ըստ ինձ, ոչ այլ ինչ է, քան պետական դավաճանություն: Այդ ցնցումը կազմակերպելու նպատակով, թրքանման հայերը որոշեցին տրանսֆորմացիայի ենթարկել իրենց Ազգային ժողովի գործակալին՝ վերջինիս կլասիկից դարձնելով սադրիչ: Այսպես, Էդմոն Մարուքյանը փորձում է հիմքեր ստեղծել ԼՀԿ-ի կողմից մանդատները վայր դնելու միջոցով ԱԺ-ն արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով:
ԱԺ լուծարումը համաճարակի ընթացքում կզրկի իշխանությանը նոր ընտրություններ անցկացնելու հնարավորությունից, և փաստացի կառավարման համակարգը կհայտնվի կոլապսի մեջ, դե, բնականաբար, նաև, ապօրինի գույքի բռնագրավման մասին օրենքն էլ չի գործի: Հարկ է նշել, որ Էդմոն Մարուքյանը նոր չէ, որ լծվել է ազգադավների այս սցենարի իրականացմանը: Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի ընդունումից ընդամենը 1 օր հետո Էդմոնը որոշեց անբարոյականի զավակ անվանել ԱԺզգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանին:
Բայց սցենարը չստացվեց, որովհետև Ալեն Սիմոնյանը հակադարձեց միայն խոսքով: Այդ ժամանակ Էդմոնը որոշեց սադրել Ազգային ժողովի «ամենաթավշյա» պատգամավոր Սասուն Միքայելյանին: Արդյունքում, ԱԺ փոխնախագահին անբարոյականի զավակ անվանող Էդմոն Մարուքյանը, իբր վիրավորվեց հոպար բառից ու մատաղացու գառի պես հարձակվեց Սասուն Միքայելյանի վրա: Որից հայրական ապտակ ուտելուց հետո, իրականացրեց թատերական ներկայացման վերջին արարը՝ լքեց ԱԺ դահլիճը, դե ֆակտո պայման դնելով, որ եթե միջադեպը չունենա քաղաքական հետևանքներ, ապա իրենք չեն վերադառնա:
Այն որ սցենարը չի ստացվի, ԱԺ-ն չի լուծարվի, դա ակնհայտ է, բայց դրա մասին Էդմոն Մարուքյանը, իր սուղ իրավաբանական գիտելիքների պատճառով դեռ չգիտի: Դրան դեռ կանդրադառնամ: Ինչ վերաբերում է Էդմոնի ուղիղ եթերով կատարված հայտարարությանը, որ հաջորդ իշխանությունը դա ԼՀԿ-ն է, ապա ասեմ կարճ. չի ստացվի, մի պարզ պատճառով, քանի որ հանրահայտ փաստ է, որ չինական ապրանքը անորակ է, այլ կերպ ասած, եթե ժողովուրդը պետք է ետ վերադառնա հնին, ապա կընտրի օրիգինալին՝ ՀՀԿ-ին: Որը, վստահ եմ, բացառված է: Անդրադառնամ նաև վարչապետի արձագանքին Էդմոն Մարուքյանի սադրանքի վերաբերյալ:
Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ դա միակ օրն էր, որ Նիկոլ Փաշինյանը զղջում էր, որ ինքը ՀՀ վարչապետ է, թե չէ վստահ եմ, Էդմոն Մարուքյանը մի թաթալոշով չէր պրծնի: Ի դեպ, նույն տրամաբանությամբ, ես էլ առաջին անգամ ափսոսացի, որ ԱԺ-ում չեմ: Ամփոփեմ. հնին վերադարձ չի լինելու, ԱԺ-ն չի լուծարվելու, Էդմոնն իշխանություն չի դառնալու, հները չեն վերադառնալու, հեղափոխությունը, ճիշտ է, առայժմ դանդաղ, բայց հասնելու է իր նպատակին: Իսկ մենք համաճարակի պայմաններում, ավելի լուրջ գործեր ունենք, քան՝ իմ մարտական ընկեր Սասունի կողմից ջարդած չինական ապրանքների նորոգումը: Առողջ եղեք»: