Տեսանյութ. Փաշինյանը ներողություն խնդրեց կուրթանցի երիտասարդից

ANIMALI CELEBRI

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 11-ին, Սիսիանում իր ելույթի ժամանակ անդրադարձավ 2 օր առաջ Ստեփանավանում տեղի ունեցած միջադեպին եւ ներողություն խնդրեց կուրթանցի երիտասարդից:

Նա մասնավորապես ասաց. «Երեկ տեսանյութ հայտնվեց, որ այդ տղան առողջական խնդիրներ ունի: Հիմա ես ուզում եմ վերլուծել իմ գործողությունները, արդյոք ես այդ քաղաքացուն, մեր սիրելի Մեխակ Առաքելյանին ինչ-որ բան սխալ եմ ասել  կամ արել: Ես երկու սխալ ուզում եմ խոստովանել, որ թույլ եմ տվել. ես գերագնահատել եմ մարդու առողջական վիճակը գնահատելու իմ ընդունակությունը եւ թերագնահատել եմ էն հանգամանքը, որ քաղաքացին, քանի որ խոսում է վարչապետի հետ, կարող էր կաշկանդվել: ես այդ երկու սխալի համար ուզում եմ Մեխակ Առաքելյանից էլ, ՀՀ բոլոր քաղաքացիներից էլ ներողություն խնդրել:

Մենք մարդ ենք, սխալական ենք, կարող ենք սխալվել, բայց մենք նենգ եւ անազնիվ բան քաղաքացու նկատմամբ չենք անի: մանավանդ, որ ես համոզված եմ, որ մեր խոսակցության արդյունքում նրա ընտանիքը հայտնվել է համընդհանուր ուշադրության կենտրոնում, եւ ես հույս ունեմ, որ այն աջակցությունը, որ նա կստանա, կլինի զարգացման աջակցություն»,- հայտարարեց վարչապետը:

Փաշինյանը նաեւ նշեց, որ իր պատկերացմամբ, առողջ տղամարդը պետք է աշխատի եւ իր տան խնդիրը լուծի. «Այլ բան, որ պետությունը պետք է աշխատելու հնարավորությունը ստեղծի, պետք է օգնի, որ աշխատողն ավելի մրցունակ լինի: Դրա համար մենք ստեղծել ենք «Աշխատիր Հայաստան» ծրագիրը, որով օգնում ենք այն մարդկանց, որոնք շուկայում մրցունակ չեն: Մենք ծրագրեր ենք իրականացնում, «խելացի անասնագոմեր»-ի ծրագիր ենք իրականացնում: Մենք հազար ընտանիքի ներգրավում ենք աղքատությունը հաղթահարելու ծրագրի մեջ: Մենք մարդուն կով ենք տալիս, որը հորթ ունենա, կերը տալիս ենք, անասնաբույժին վճարում ենք, որ կովին հետեւից, այդ քաղաքացիներին փող ենք տալիս, որ կովին պահի: Սա կարեւոր պրոցես է, որ մարդը հաղթահարի աղքատությունը:

Ենթադրենք մարդը գալիս ասում է՝ հաց չունեմ ուտելու, փող տվեք հաց առնեմ: Ասենք, հանեցինք մեկ մլն դրամ տվեցինք, էդ փողը սպառեց, հաց առավ կերավ, հետո ի՞նչ է լինելու: Էլի մեկ մլն տվեցինք, էլի, էլի, էդպես մինչեւ ե՞րբ, եւ էդպես քանի՞ հոգու: Ամեն օգնության մեջ պետք է զարգացման տրամաբանություն լինի, որ մարդը զարգանա, ոչ թե ավելի խեղճանա»,-ընդգծեց Փաշինյանը:

Rate article