Սաշիկ ձյան ասաց վերցրու վրադ, ոչ մի բանի մասին մի մտածիր,ոստիկանությունում էլ քննիչն ինչ թելադրել է, գրել եմ․․․վկան ցուցմունք տվեց դատարանում

ANIMALI CELEBRI

armtimes.com-ը գրում է․

Երեւանի ընդհանուր իրավասութան դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ շարունակվեց Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը:

Դատարանում վկան պատմեց, որ բնակվում է արտասահմանում, այժմ գտնվում է Երեւանում, վերադարձել է իրավապահ մարմինների հրավերով, եւ ինչպես գործով ամբաստանյալ Հայկ Սարգսյանի, այնպես էլ տուժող Դավիթ Սիմոնյանի հետ ունի հարեւանական հարաբերություններ: Դատավորը վկային նախազգուշացրեց, որ համաձայն ՀՀ քրեական դատավարության՝ սուտ ցուցմունք տալու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն, ապա առաջարկեց հայտնել այն, ինչ ինքը գիտի:

Վկա Արթուր Ղեւոնդյանը դատարանին հայտնեց, որ ինքն այս գործի հետ ընդհանրապես կապ չունի. «Զուտ Նարեկ Սարգսյանն իմ նկատմամբ անմարդկային քայլ է արել, ես դեպքի հետ կապ չունեմ, ոչ տեսել եմ, թե ով է կրակել, ոչ էլ դեպքի վայրում եմ եղել, լսելով եմ տեղեկացել, ինչպես եւ դուք»: Արթուր Ղեւոնդյանը պատմեց՝ 2007 թվականի ապրիլի 1-ին՝ 19:30-ի սահմաններում, Նարեկ Սարգսյանն իրեն զանգել է, հետաքրքրվել, թե ինքը որտեղ է եւ կանչել հանդիպման. «Սաշիկ ձյան ասաց՝ Հայկոն հանկարծակի Դավիթի ոտքին է կրակել, վերցրու վրադ, ոչ մի բանի մասին մի մտածիր, ամեն ինչ լավ կլինի: Ես սկզբից ասացի, որ թեկուզ եւ հարեւաններ ենք, բայց ոչ, հետո Նարեկ Սարգսյանն ինձ կանչեց նկուղ, հայհոյանքներ հնչեցրեց իմ հասցեին, ասաց՝ «կեթաս, կնստես», իսկ Սաշիկ ձյան էլ եկավ, դիտողություն արեց Նարեկին, ինձ էլ ուղղակի խփեց, ոչ թե որ վնասի, այլ հանգստացնի: Հետո՝ մոտ կես ժամից, ոստիկաններ եկան, ինձ հարցրին իմ տեղը, կավիճով գծեցին, դալանի տակ պարկուճներ գցեցին, նկարեցին ու գնացին: Ոստիկանությունում էլ քննիչն ինչ թելադրել է, գրել եմ, ու ստորագրել, հետո ոչ էլ կարդացել եմ»:

Մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանը վկայից հետաքրքվեց՝ եթե սկզբնապես չէր ուզում համաձայնել կատարվածն իր վրա վերցնել, ի՞նչը ստիպեց փոխել որոշումը, եւ արդյոք նա դա սպառնալիքի տակ է արել:  Ի պատասխան՝ վկան նշեց, որ իր կամքին հակառակ է արել, ստիպողաբար: «Հայկը դիտավորյալ երբեք չէր անի այդ բանը, իրենք ընկերներ են եղել, Դավիթ Սիմոնյանի հետ (տուժող-խմբ.) մոտիկություն է արել, եկեք ճիշտը խոսենք, թող բոլորն իմանան, Հայկ Սարգսյանը երբեք կյանքում ոչ մեկին դիտավորյալ չի վնասի»: Մեղադրողը նաեւ հետաքրքրվեց՝ հաճա՞խ է զենք տեսել Հայկ Սարգսյանի ձեռքին, ինչին վկան պատասխանեց՝ ասելով. «Այդ ժամանակ գուցե 1-2 անգամ, իսկ մինչ այդ միշտ մոտն էր պահում, դե, իմ հոպարն էլ նախագահ լիներ, ես էլ կպահեի»: Վկան նշեց նաեւ, որ հստակ չգիտի, բայց լսել է, որ այդ օրը Հայկ Սարգսյանը թմրամիջոցի ազդեցության տակ է եղել:

Rate article