Ռուբեն Վարդազարյանի դիպուկ գրառումը անհոգ նստած, ուտող-խմող, զվարթ երիտասարդությանը

ANIMALI CELEBRI

ԵՍ ԻՆՁ ՉԱԹԼԱԽ ԵՄ ԶԳՈՒՄ

Նոր Կասկադով անցնում էի ու հանկարծ, սուր ինֆարկտի պես անսպասելի, անկախ ինձանից, լրիվ պատահական մտքի թռիչքով, ես սկսեցի աջ ու ձախ նայել ու նկատել կաֆեներում անհոգ նստած, ուտող-խմող, զվարթ ու կայտառ երիտասարդությանը։

Հետո նկատեցի ինքս ինձ էդ նույն զանգվածի մեջ տարալուծված ու…
Ու պապայի արև անկեղծ եմ ասում, ժողովուրդ, Ապերետիվոյի մոտ չհասած մի պահ քարացա, սառը քրտինք խփեց ճակատիս, գլուխս սկսեց ֆռալ ու զգացի, որ հեսա-հեսա ուշքս կգնա։ Վատ էի։ Մի բարի աղջիկ նույնիսկ փորձեց օգնել ինձ. երևի նկատեց, որ սփրթնել եմ։

Տագնապային գրոհի պես մի բան էր, բայց տագնապ ընդհանրապես չկար։

Կար ամոթ։

Հա, ինձ մոտ նման բան տեղի է ունենում, երբ միանգամից վրա է հասնում շատ-շատ ուժեղ ամոթի զգացում։

Ամո՞թ: Բայց ինչի՞ց:

Երբ մի կերպ տեղավորվեցի Կասկադի նստարաններին ու մի քիչ ուշքի եկա` ես իսկույն հասկացա, թե ի՞նչ ամոթ էր դա։ Երբ հասկացա` էլ ավելի վատացա։

Իմ մարմնից ընդամենը 200 կիլոմետր հեռավորության վրա, ինձանից ոչ մի բանով պակաս մարդիկ` կանայք ու տղամարդիկ, հենց հիմա, կրակի տակ են. գուցե վիրավորվում են, գուցե մեռնում են, մի բան հաստատ է` տառապում են, իսկ ես…իսկ ես էշ-էշ պատվիրում եմ Ֆուզիլի պաստա ու լիմոնով Սպրայթ։

Չէէէ՜։
Չէ, հավատացեք` սա ինչ-որ շուշանպետրոսյանական, ռազմահայրենասիրական պաթոս չի. ես դրանից բավականին հեռու եմ։ Սա ընդամենը «քեզ վերջին չաթլախ զգալու» շատ տհաճ ու ամոթալի զգացողություն ա։

Հենց հիմա, Կասկադում նստած ես ինձ չաթլախ եմ զգում։

Ու չի անցնում էդ զգացողությունը։ Ինչ ուզում ես արա` չի անցնում։ Երևի գնամ տուն…

Rate article