Ռազմական ոստիկանությունը կվերահսկի զինծառայողների հեռախոսային խոսակցությունները․ նոր նախագիծ

ANIMALI CELEBRI

Պաշտպանության նախարարությունը նախատեսում է ռազմական ոստիկանությանը թույլատրել վերահսկել զինված ուժերում ժամկետային և պայմանագրային պարտադիր զինծառայողների հեռախոսային խոսակցությունները։

Նման նախագիծ է Պաշտպանության նախարարությունը ներկայացրել իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում։

Նախարարությունն ընդգծել է, որ օպերատիվ-հետախուզական գործունեության շրջանակներում հեռախոսային խոսակցությունները վերահսկելու միջոցով կկանխարգելվի նախապատրաստվող ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները։

«Բնագավառում իրականացվող քաղաքականության նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների հայտնաբերման, կանխման և խափանման գործընթացի արդյունավետության բարձրացումը»,- ընդգծել է ՊՆ-ն։

Նախարարության հաղորդմամբ՝ Պաշտպանության նախարարի կողմից արդեն հաստատվել է զինված ուժերում ժամկետային պարտադիր զինծառայողների կողմից բջջային հեռախոսներից օգտվելու կանոնակարգը, սակայն օպերատիվ-հետախուզական միջոցառում անհրաժեշտ է անցկացնել ոչ միայն այն դեպքում, երբ անձը կասկածվում է ծանր և առանձնապես ծանր հանցագործության մեջ,

այլև մինչ նման կասկածների ի հայտ գալը՝ այդ հանցագործությունների հայտնաբերման, կանխման և խափանման փուլերում:

«Ներկա իրավիճակում, որը պայմանավորված է տարածքային բարդ իրավիճակով և ահագնացող սպառնալիքով, անհրաժեշտ է ժամանակին պատրաստ լինել հնարավոր հակաիրավական դրսևորումներին:

Բացի այդ, պետք է նկատի ունենալ, որ հակաիրավական վարքագիծ ունեցող անձինք ավելի շատ ուժեր և միջոցներ են ներգրավում իրենց հանցավոր մտահղացումները կյանքի կոչելու համար:

Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ժամանակին և համաչափ արձագանքել վերոհիշյալ մարտահրավերներին»,-նախագծում գրել է Պաշտպանության նախարարությունը։

Rate article