Ուշագրավ. Ինչ է կատարվում Արցախում

ANIMALI CELEBRI

Արցախը ողջունում է կոնգրեսական ...

Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ, որի ընթացքում քննարկվել են Արցախի նախագահի եւ խորհրդարանի ընտրությանն առնչվող հարցեր: Սարգսյանը նաեւ հետաքրքրվել է Արցախում կորոնավիրուսի կանխարգելման գործընթացով:

Արցախի նախագահի ընտրությունը եզրագծին է հասնում բավականին հակասական իրավիճակում, երբ առանցքային հարցը ոչ այնքան այն է, թե ինչ արդյունք կլինի, այլ այն, թե արդյոք պետք է հետաձգել քվեարկությունը, թե ոչ: Հնչում են կոչեր, որ պետք է հետաձգել քվեարկությունը, քանի որ զանգվածային միջոցառումը կրող է դառնալ կորոնավիրուսի տարածման պատճառ: Այդ համատեքստում հիշատակվում է, որ Հայաստանից հազարից ավելի դիտորդ եւ լրագրող է մեկնելու Արցախ, ինչը կարող է վարակի տարածման ռիսկ լինել:

Արցախի նախագահի ընտրության մասնակից գրեթե բոլոր թեկնածուները, բացառությամբ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի, արտահայտվել են հետաձգելու օգտին: Այդ հանգամանքը արժանացել է ամենատարբեր գնահատականների:

Այդուհանդերձ, առանցքային է մեկ այլ հարց՝ ավելի բարձր քաղաքական դիրքորոշումները, այդ թվում նաեւ պաշտոնական Երեւանի: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանից մեկնող դիտորդները պետք է թեստավորվեն: Պաշտոնական Երեւանը որեւէ կերպ չի արտահայտվել ընտրությունը հետաձգելու օգտին, ինչը նշանակում է, որ Երեւանը դեմ է այդպիսի սցենարին:

Մարտի 24-ին Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտ է գործուղել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին: Չի բացառվում, որ հենց դա է պատճառը, որ Արցախի ղեկավարությունը չի կայացնում ընտրությունը հետաձգելու որոշում:

Համենայն դեպս, հատկանշական է, որ նախագահ Արմեն Սարգսյանը, որ մի քանի օր առաջ էր Արցախում, իրավիճակի մասին հետաքրքրվում է նաեւ հեռախոսազանգով եւ խոսում ընտրությունը ժողովրդավար, ազատ կազակերպելու կարեւորության մասին, Բակո Սահակյանի հետ արձանագրելով նաեւ, որ կարեւոր է Արցախի կայունությունը:

Ընտրությունը հետաձգելու պրագայում Արցախում կա ապակայունացման սպառնալի՞ք: Որտեղի՞ց է այդ սպառնալիքը եւ ինչքանով է այն ուղիղ կապված ընտրությունը հետաձգելու հետ:

Միաժամանակ, ի՞նչ է նշանակում Արցախում ընտրության հետաձգում: Խնդիրն ունի մի կողմից իրավական ասպեկտ, մյուս կողմից՝ քաղաքական: Իրավական առումով մասնագետները պետք է գնահատեն, թե կառավարման ինչ մեխանիզմ է շարունակվում ընտրության հետաձգման դեպքում: Քաղաքական առումով ստացվում է, որ շարունակում է կառավարումը ներկայիս համակարգը:

Բայց, այստեղ էլ առաջանում է մեկ այլ հարց՝ իսկ ինչպիսի՞ն է ներկայիս համակարգը, այսինքն ինչպիսի՞ն է Արցախի ներկայիս իշխանությունը: Այստեղ կարող է լինել իրավիճակ, երբ իշխանության դե յուրե հարաբերակցությունը չի համապատասանում դե ֆակտո հարաբերակցւթյանը:

Հետաձգելով, թե ոչ, ակնառու է, որ Բակո Սահակյանը հեռացող նախագահ է, ըստ այդմ նա այժմ թերեւս առավել քան երբեւէ ամբողջապես չի տիրապետում Արցախի իշխող համակարգին: Առավել եւս, որ այդ իմաստով Սահակյանը եղել է Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի տարիների փոխզիջումը:

Հեղափոխությունից հետո Սահակյանը հայտնվել է առավել քան անորոշ ու հակասական վիճակում եւ թերեւս անձամբ շահագրգռված է Երեւանի հետ արագ պայմանավորվելու եւ երաշխիքով հեռանալու հարցում: Դրան զուգահեռ, նա թերեւս շարունակում է գտնվել նախկին վարչակարգի տարբեր խմբերի պայքարի տիրույթում:

Արցախի նախագահի ընտրության առնչությամբ հայտարարություն էր արել Սերժ Սարգսյանը, որում զարմանալիորեն կոչ չէր արել հետաձգել ընտրությունը: Զարմանալին այն է, որ նախկին իշխող համակարգի գրեթե բոլոր խմբերն անում են այդպիսի կոչեր, այդ թվում առաջիններից մեկը նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը, որը նախկին համակարգի ներկայացուցիչն ու թեկնածուն է: Արդյոք Սերժ Սարգսյանն ընտրության հետաձգումը դիտարկում է Արցախում Ռոբերտ Քոչարյանի հաղթանակ: Հատկանշական է, որ ընտրության կայացման հարցում կա պաշտոնական Երեւանի եւ Սերժ Սարգսյանի դիրքորոշման որոշակի համընկնում:

Այդուհանդերձ, իսկ ընտրության դեպքում ինչպիսի իշխանություն է ձեւավորվելու Արցախում, ո՞վ է ձեւավորելու այդ իշխանությունը եւ որքանով է կայունությունը լինելու երաշխավորված այդ պարագայում:

Rate article