Ովքեր գոռում են «Ռոբերտ հերոս», ծախվածներն են. Ռուբեն Հախվերդյան

ANIMALI CELEBRI

«Վանեցյանին հանելու փոխարեն, պետք է ККБ-ն փակվի, որովհետև մինչև հիմա, ինչպես որ Սովետի ժամանակ, ծառայում է Կրեմլին, պետք է ստեղծվի նոր կառույց՝ իրական, մեծատառով Ազգային անվտանգության կոմիտե…

Սրանց կեսը ռուսական կրթություն ունի, ռուսական դպրոց գնալն, իմ կարծիքով, նաև գենետիկ կոդի վրա է ազդում»- ներքաղաքական զարգացումների շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց երգահան, պոետ Ռուբեն Հախվերդյանը՝ կարևորելով հայեցի կրթության նշանակությունը: «Հայերենի ուսուցիչները պետք է ամենաբարձր աշխատավարձը ստանան, ծառայեն իրենց հայրենիքին»:
«Եթե հեղափոխություն է տեղի ունեցել, ապա կարող ենք ստրկատիրական պայմանագրերի հեղինակներին դատի տալ և նախկին իշխանության պայմանագրերը ի չիք դարձնել»,- նշեց Ռ. Հախվերդյանը՝ հավելելով, որ ավելի շահավետ կլինի գազը գնել Իրանից, քան Ռուսաստանից: Նա նաև հավելեց, որ Ամուլսարի հարցով հանցավոր համաձայնություն է եղել նախկին իշխանության հետ, և պետք է ոչ թե թավշյա հեղափոխության, այլ չուգունե հեղափոխության մուրճի տրամաբանությամբ այդ պայմանագրերը չեղյալ համարել:

Խոսելով դատաիրավական համակարգի մասին՝ մեր զրուցակիցն ընդգծեց, որ հին, կաշառակեր դատավոր-դատախազները պետք է փոխվեն:

Անդրադառնալով Մարտի 1-ի իրադարձություններին՝ Ռ. Հախվերդյանը նշեց. «Լևոն Տեր-Պետրոսյանը ժողովրդին բերեց-գցեց այնտեղ ու սիրուն պլստաց մեջտեղից, ի դեպ կասկածներ ունեմ, որ նա նույնպես ККБ-ի աշխատող է՝ ռուսական գործակալ: Երեք նախագահն էլ իրենց մարդիկ են եղել: Նիկոլը դուրս է պրծել այդ ամենից, և դա նրանց ինքնասիրությունը չի շոյում…

Ռուբեն Հախվերդյանը նաև ընդգծեց, որ ովքեր գոռում են «Ռոբերտ հերոս», ծախվածներն են, ժողովուրդը գտնում է, որ նա պետք է պատասխան տա իր արածների համար:

Rate article