Հիմնականում ներքին խառնակիչներն են… Ինչ է պատմել վարչապետի մայրը (տեսանյութ)

ANIMALI CELEBRI

Վարչապետ Փաշինյանի ծնողների տունը գտնվում է Իջևան քաղաքի Բլբուլյան թաղամասում։

Փոքր հողամասով, երկար աստիճաններով ու ճոճաթոռով այս տունը, որտեղ անցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մանկությունը ու պատանեկությունը, կառուցվելուց հետո չի նորոգվել։ Իջևանում դժվար չէ գտնել վարչապետի ծնողների տունը, պատահական անցորդները, իրար հերթ չտալով, պատրաստ են օգնել եւ ուղղություն ցույց տալ։

Երբ հասանք տան մոտ, սկզբում մտածում էինք, որ կհանդիպենք փակ դռների, իսկ առավելագույնը՝ մեզ քաղաքավարի կճանապարհեն՝ առանց հարցազրույց տալու։
Բայց ի զարմանս մեզ՝ վարչապետի մայրը՝ Երջանիկ Չիբուխչյանը, «անկոչ» հյուրերին ընդունեց գրկաբաց, ոչ միայն հարցազրույց տվեց, այլեւ ստիպեց հյուրասիրվել, գոնե իր փոքրիկ այգու բարիքներից՝ թարմ-թարմ, վաղ առավոտյան հավաքած սալորից։ Երջանիկ Չիբուխչյանն անգամ սալոր առաջարկեց վերցնել, «թե երկար ճանապարհ եք եկել, ճանապարհին կուտեք»։
Փաշինյանի հայրական տան մասին մոտավոր պատկերացումներ ունեինք ընտանիքի հրապարակած լուսանկարներից, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մի անգամ հայրական տան բակում խոզ էր մորթել, իսկ Աննա Հակոբյանն էլ նույն ճոճաթոռին նստած լոբի էր մաքրել։

Այդ կադրերից հետո ոչինչ չէր փոխվել՝ նույն տունն էր, նույն բակը, նույն ճոճաթոռը, նույն աստիճանները։ Երջանիկ Չիբուխչյանը նշում է՝ իրենց կյանքում էլ ոչինչ չի փոխվել, ապրում են նույն համեստ կյանքով, ինչ նախկինում։ Տան որոշ սենյակների հատակի տախտակներ արդեն հին են, մտածում են՝ ամեն անգամ ինչքան կկարողանան, վերանորոգեն։ Տիկին Երջանիկը սիրում է, երբ այգում քիչ, բայց ամեն ինչ ունենում է, դրանից նաև ուրախանում է վարչապետ Փաշինյանը։ Վարչապետը, երբ գյուղ է գնում, միանգամից այգի ու խոհանոց է մտնում՝ տեսնելու թե ինչ նոր ծառեր են ավելացել, ու մայրն ինչ պահածոներ է արել։
«Օրերս, երբ Աշոտը զորակոչվեց, էրեխեքով եկան, մի քանի ժամ մնացին, գնացին։ Մենք էլ ենք մեկ-մեկ գնում, բայց երկար չենք մնում, չենք կարողանում։ Մեր ամեն ինչն էստեղ ա։ Մենք չենք նեղվում, էս ամեն ինչը որ ունենք, հասել ենք մեր քրտինքով»,-նշեց տիկին Երջանիկը։ Փաշինյանի մայրը պատմում է՝ սկզբում, երբ նոր էր որդին վարչապետ ընտրվել,

շատերն էին խնդրանքներով դիմում իրեն, սակայն ինքը միշտ բարեհամբույր պատասխանում էր, որ չի կարող որևէ բանի խառնվել, կարող են դիմումներն ուղարկել կառավարություն։ Նրա խոսքով՝ վարչապետից բողոքողներն էլ հիմնականում ներքին խառնակիչներն են, ովքեր բողոքում են, որ Փաշինյանի հետ քայլել են, իրենց գործ չի տվել։ Տիկին Երջանիկը նաև հիացմունքով է խոսում հարսի՝ Աննա Հակոբյանի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում

Rate article