Ժամանակ գտիր, կաթողիկոս, երբեմն համացանցում նայել, թե քո հասցեին ինչ աննպաստ բաներ են գրվում, ինչ արձագանքներ կան այն մասին, թե դու ե՞րբ ես ինքնակամ թողնելու Մայր Աթոռը

ANIMALI CELEBRI

Ես Ձեզ հետ կուզենայի ԴՈՒՔ-ով խոսել՝ որովհետև ես խորին ակնածանք եմ տածում Մայր Աթոռի հանդեպ, որի, ոչ բարով, գահակալն եք այսօր: Այսինքն, հարգանքս Մայր Աթոռի հանդեպ է, հանկարծ չվերագրեք Ձեր անձին – մի կաթողիկոս, որն իր ընտրությամբ անգամ ու հետո էլ ժողովրդի ցավերից, մտահոգություններից հեռու պահվածք ունի, չի՛ կարող ինձ հարգանք ներշնչել:

Այս ի՜նչ մոծակ կծեց քեզ, կաթողիկոս, որ հանկարծ մտահոգվեցիր քոչարյան ռոբիկի կալանքի հարցերով: Շտապեմ ասել, որ երևի արդեն փոշմանել ես քո այդ անխոհեմ քայլի համար, որի պատճառով քո հանդեպ հակակրանք ունեցողների բանակը ավելի ստվարացավ:

Քեզ չխայթե՞ց իմ հայրենի Կառավարությունից ստացված պատասխանը քո անլուրջ քայլին, երբ Վարչապետի խոսնակի բերանով քեզ հիշեցվում է վահրամ քահանա մելիքյանի կողմից քրեական հետապնդման ենթարկվող ինչ-որ մայրապետյանին կալանքից ազատելու (անշուշտ, առանց քո համաձայնության դա չէր արվի) անտեղի երաշխավորության մասին:

Ու, դրա հետ մեկտեղ, ավելի շառաչուն ապտակը Կառավարությունից, թե՝ «ՀՀ կառավարությունը որևէ մեկնաբանություն չունի Վեհափառի ցանկությունների ու հույսերի վերաբերյալ»:
Էլ քանի՞ գրոշ արժեն պատարագներից հավատավոր ժողովրդին ուղղված քո քարոզները:

Դրանց անկեղծությանն ինչպե՞ս հավատալ, երբ իսկապես հավատավոր մի ողջ ընտանիք Գյումրիում գնդակահարվեց, իսկ կաթողիկոսը «խոհեմ» լռություն պահպանեց:

Հասկանում եմ, որ եթե այն ժամանակվա երկրի նախագահի աթոռը զբաղեցնող սեռժիկ սարգսյանը չցավակցեց, դու ո՞նց կարող էիր նրա հետ քո սերտաճած մտքերի մեջ գյումրեցի Ավետիսյանների ողբերգությունը զգալ, մանավանդ՝ ցավակցել:


Էլի՞ թվարկեմ, թե ինչ իրավիճակներում էր ժողովուրդը զարմացած կաթողիկոսիդ մունջ վերաբերմունքի վրա, երբ մարտիմեկյան ողբերգությունը կատարվեց՝ 10 անմեղ զոհեր արձանագրելով: Երբ հարյուրավոր անմեղ ցուցարարներ դաժանաբար ծեծի ենթարկվեցին, ու հարյուրավորների վրա էլ ոստիկանների մեն մի կեղծ ցուցումի հիմքով հանիրավի դատվեցին ու բանտ նետվեցին…

Սրանք քո հովանավորյալ քոչարյան ռոբիկի տիրապետության ժամանակներում չէ՞ն կատարվել, կաթողիկոս:

Դու դա կարող ես մոռանալ, իսկ զոհերի հարազատները՞, տուժածները՞, բանտարկվածները՞…

Դրանք մոռանալը քեզ համար է հեշտ, կաթողիկոս, բայց նրանք դեռ շարունակում են մղկտալ ցավերից ու վիրավորանքից, ու արդարացի է նրանց բացասական վերաբերմունքը հանցագործի հանդեպ, որին, ի զարմանաս մեզ, դու պաշտպանության տակ ես առնում:

Դո՛ւ, միահեծա՜ն կաթողիկոս, օրինակ վերցնեիր ուկրաինացի հոգևորականներից, ովքեր Մայդանի ու հետագա ընդվզումների օրերին կանգնեցին կառավարական զորքի և ժողովրդի միջև՝ շատ անգամներ ժողովրդին հեռու պահելով արյունահեղության վտանգներից: Հիմա քեզ է՞լ հոգևորական համարենք նրանց նման: Իհարկե ոչ:

սեռժիկ սարգսյանի իշխանության տարիներն (այդ շրջանում դու դարձար կաթողիկոս) մենք Սարի թաղի ողբերգության դեպքերն ունեցանք:

Ունեցանք Հաց բերող այն տղայի հանդեպ իշխանության դաժան վերաբերմունքը, որի արդյունքում այդ հրաշալի տղան մահացավ:

Նրանք հավատավոր չէի՞ն, կաթողիկո՛ս, թե՞ քեզ համար միակ «հավատավորը» քոչարյան ռոբիկն է, որն անգամ «Հայր մեր»-ի տեքստին է անտեղյակ:

Դու հիմա «հովվապետի» խնամքի տակ ես առնում մի հանցագործի, ում վրա հարյուրավոր մեղադրանքներ կան:

Այդ մեղադրանքներից տուժածներն ու նրանց ընտանիքի անդամները հավատավոր չե՞ն, որ քո «մխիթարությանը» չեն արժանանում:

Քեզ հիշեցնե՞լ է պետք ՀՀ Սահմանադրության այն հոդվածը, ըստ որի եկեղեցին անջատ է պետությունից:

Էդ ինչպե՞ս է, որ ներկա կաթողիկոսը այս անջատ լինելը չի հասկանում ու իր քաղաքական հայտարարությամբ խառնվում է քրեական հանցագործին պաշտպանելու գործին՝ բնավ չխորանալով նրա կատարած հանցագործությունների մանրամասների մեջ:

Աստվածաշնչյան 10 պատվիրանները, կաթողիկոս, ինձանից լավ դո՛ւ ես պարտավոր իմանալ, և «Սիրիր մերձավորիդ» հորդորը, իսկ կաթողիկոսի համար մերձավոր պիտի լինի ամբողջ ժողովուրդը, առաջին հերթին քե՛զ պիտի սերտելի լինի:

Հիմա, իբր, մտահոգված ես, որ կորոնավիրուսի դեմ պայքարում պետք է «…ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցառումները»:

Իսկ դու, որպես կաթողիկոս, ի՞նչ կերպ ես մասնակցում դրան, այդ ահավոր ախտից տուժածներին (ոչ միայն վարակվածներին, այլև անգործ մնացածներին) եկեղեցու գանձարանից այդ ի՞նչ աջակցություն բերեցիր, որ մենք չենք տեսնում ու չենք գնահատում:

Իսկ քոչարյան ռոբիկին կալանքից ազատելու հարցը համարում ես անհրաժեշտություն՝ «…համաճարակի այս շրջանում ապահովագրելու նրա առողջական վիճակը հետագա բարդացումներից»:

Եվ դու քո այս եսակենտրոն մոտեցումով ուզում ես, որ քո ձայնը լսելի՞ լինի, որ քեզ հավատա՞ն: Ուզում ես, որ այն միֆը իրական ընդունեն, թե դու Համայն Հայության Հովվապե՞տն ես:
Զուր հույսեր, կաթողիկոս:

Հա, ի դեպ մոռացա նշել, թե դու ինչ պայմաններում ընտրվեցիր կաթողիկոս: Դու առայժմ մտաբերիր հոկտեմբերի 27-ը: Ես այդ օրվա քվեարկությունը հետաձգել-չհետաձգելու մասին հաջորդիվ մեկ ուրիշ բաց նամակ կուղարկեմ քեզ:

Իսկ առայժմ, կուզենայի, որ քոչարյան ռոբիկից տուժած այս ժողովրդին հանգիստ թողնեիր քո անհիմն միջնորդություններով, դրանցից քո՝ արդեն չունացած վարկն ավելի ես գցում:

Ժամանակ գտիր, կաթողիկոս, երբեմն համացանցում նայել, թե քո հասցեին ինչ աննպաստ բաներ են գրվում, ինչ արձագանքներ կան այն մասին, թե դու ե՞րբ ես ինքնակամ թողնելու Մայր Աթոռը:

Ինչքան շուտ, այնքան լավ: Այ դա կլինի իսկապես քո խոհեմ քայլը:

Թե չէ՝ հայ ռո՜բ, հայ ցավ ու մղկտո՜ց, որ մեր երկրի իշխանությունը ժամանակին բռնազավթած քո սիրելի երկու նախկին նախագահներից մեկը բանտում է, մյուսն էլ տագնապների մեջ է:

Դու շարունակիր ցավել նրանց համար, մենք էլ կսպասենք այն երջանիկ օրվան, երբ Մայր Աթոռի գահին կունենանք ԻՍԿԱԿԱՆ ԿԱԹՈՂԻԿՈՍ, ում կսիրենք, ում խոսքերին կհավատանք և ում հետ ԴՈՒՔ-ով կխոսենք:
Առայժմ այսքանը:

ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Rate article