Երևանում 38-ամյա տղամարդը սպանել է իր եղբոր վրա դանակ «քաշած» 19-ամյա երիտասարդին ու այրել դիակը

ANIMALI CELEBRI

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող նստավայրում Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ավարտվել է Մհեր Հախնազարյանի գործով դատական քննությունը:

38-ամյա Մհեր Հախնազարյանին մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

2018 թվականի մայիսի 17-ին Սիլիկյան թաղամասի հին խճուղու՝ դեպի գերեզմանատուն տանող ճանապարհահատվածում, ճամփեզրի փորվածքի մեջ հայտնաբերվել էր այրված, դեռ ծխացող դիակ՝ մետաղալարով կապկպված:

Սկզբնական շրջանում նույնիսկ դիակի սեռը պարզելն էր դժվար: Որոշ ժամանակ անց հայտնի է դարձել, որ սպանվածը տղամարդ է՝ 19-ամյա Մայիս Վ.-ն:

Սպանությունը կատարվել էր 2018 թվականի մայիսի լույս 16-ի գիշերը:

Ըստ մեղադրանքի՝ Մհեր Հախնազարյանը եղբոր՝ Մուշեղի հետ դեպքի պահին գտնվել է Վարդան Մամիկոնյան փողոցի իրենց տան հարևանությամբ որպես արհեստանոց ծառայող ավտոտնակում: Հախնազարյան եղբայրների հետ է եղել նաև տուժող Մայիս Վ.-ն:

Ըստ մեղադրանքի՝երեքով նշել են ավտոնորոգման նոր սարքավորում գնելը: Գիշերվա ժամը 3-ն անց 30-ի սահմաններում Մայիսի ու Մուշեղի միջև վեճ է ծագել՝ «գողական» կյանքով ապրելու «հասկացությունների» շուրջ:

Ըստ մեղադրանքի՝ վեճի ժամանակ Մայիս Վ.-ն սեղանից վերցրել է խոհանոցային դանակն ու պահել է Մուշեղի որովայնի ուղղությամբ: Մհերը միջամտել է՝ ենթադրյալ հարվածը կանխելու նպատակով, բռնել է դանակի շեղբից, ոլորել է Մայիսի ձեռքը, խլել է դանակն ու նույն դանակով՝ «եղբոր պատիվը բարձր պահելու մղումով», հարվածել է Մայիսի կզակին,

այնուհետև էլի հարվածներ է հասցրել նրա կզակային, պարանոցի, կրծքավանդակի հատվածներին՝ վնասել է քնային, կոկորդային զարկերակների ամբողջականությունը: Մայիս Վ.-ն ստացած վնասվածքներից ու արյան սուր կորստից մահացել է:

Ըստ Մհեր Հախնազարյանի, ինքը մենակ է կատարել սպանությունը, եղբորը տուն է ուղարկել, ապա փաթաթել է դիակը, կապկպել ու տեղադրել է ավտոտնակի փոսի մեջ…

Ավելի ուշ նա դիակը տարել է Սիլիկյան թաղամասի արդեն նշված ճանապարհահատվածը, գցել է ճամփեզրի փորվածքի մեջ ու այրել է…

Այրված, դեռ ծխացող դիակը հայտնաբերվել է ճամփեզրի փոսի ձախակողմյան հատվածին հենված… Դիակը փաթաթված էր շորով, տեղ-տեղ՝ կպչուն ժապավենով, կապկպված էր մալուխով, մետաղալարով…

Վերին վերջույթները արմնկահոդի մասից ծալված էին, ֆիքսված էին առջևում… Իրանի ձախ մասն ածխացած էր… Դիակի ստորին վերջույթներից մոտ 20սմ հեռավորության վրա պլաստմասսայից շիշ կար՝ «Բջնի» գրառումով: Հետագայում փորձաքննությամբ պարզվել է, որ այս ու նրա հարևանությամբ գտնված շշերի մեջ եղել էր նավթամթերք…

Նույն օրը ժամը 11-ի սահմաններում դիակը ճանաչման է ներկայացվել: 19-ամյա որդու կիսաածխացած մարմինը ճանաչել է հայրը՝ մարմնին առկա դաջվածքներից…. Հայրն էլ գործով ներգրավվել է որպես տուժողի իրավահաջորդ:

Տուժողի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ մահը վրա է հասել հեմոռագիկ շոկի արդյունքում՝ պարանոցի աջ և ձախ կողմերի կտրած-ծակած վնասվածքների, քնային ու կոկորդային զարկերակների ամբողջականության հատման հետևանքով: Արձանագրվել են ևս մի քանի ծակած-կտրած վնասվածքներ, որոնք մահվան հետ պատճառահետևանքային կապի մեջ չեն եղել, տուժողի առողջությանը հասցրել են թեթև վնաս:

Տուժողի մարմնի որոշ հատվածներում մաշկի 80-90 տոկոսն այրված է եղել: Այրվածքները հետմահու էին՝ բոցի ազդեցությամբ: Չի բացառվել, որ մարմնի՝ համարյա ամբողջությամբ ածխացած հատվածներում էլ լինեին վնասվածքներ, որոնք հնարավոր չի եղել ի հայտ բերել: Դիակը փորձաքննության է ներկայացվել մետաղալարով կապկպված վիճակում…

Մհեր Հախնազարյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում իրականացված դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ՝ Մհեր Հախնազարյանը մեղսունակ է, կարող է ճիշտ ընկալել դատաքննչական գործողությունները, դեպքի կատարման պահին լիովին գիտակցել է իր գործողությունները, աֆեկտի վիճակում չի եղել:

Մհեր Հախնազարյանը չի տառապել ու չի տառապում հոգեկան հիվանդությամբ: Դեպքի պահին նա չի գտնվել նաև պաթոլոգիական աֆեկտի վիճակում, եղել է ալկոհոլի ազդեցության տակ…

Նշվել է, որ փորձաքննվողը կոկիկ արտաքին ունի, մանրամասն պատմում է դեպքի մասին՝ նա չի ժխտել կատարածը, հայտնել է, թե տուժողը հայհոյանքներ է տվել եղբորը, սեղանից սկզբում վերցրել է պատառաքաղը, հետո՝ դանակը ու այն պահել է եղբոր որովայնի ուղղությամբ՝ իր կարծիքով՝ փորձել է հարվածել եղբորը, ինքը ոլորել է նրա ձեռքն ու խլել է դանակը, նույն դանակով խփել է տուժողի «դնչի տակ»:

Եղբորը տուն է ուղարկել, փաթաթել է դիակը, դրել է ավտոտնակի փոսի մեջ, իսկ ավելի ուշ հաճախորդի «Օպել» մեքենայով տարել է Սիլիկյան թաղամաս ու այրել է: Փորձաքննվողը շեշետել է, թե նպատակ չի ունեցել դիակն այրելու, ցանկացել է միայն… հագուստներն այրել… Նշել է, թե դեպքի պահին եղել է շփոթված, չի հասկացել՝ ինչ է արել, եթե խմած չլիներ, նման բան չէր անի…

Մհեր Հախնազարյանը ծնվել է Ռուսատանում 1980 թվականին: Սովորել է մեքենա նորոգելու արհեստ: Ամուսնացել է, կնոջ հետ 11 տարի ապրել է Ռուսաստանում, այնուհետև մենակ վերադարձել է Հայաստան, ապրել է ծնողների ու եղբոր հետ: Հայրը մահացել է: Կատարածի համար փորձաքննվողը զղջացել է:

Նա բնութագրվել է որպես անհավասարակշիռ անձնավորություն:

Ըստ եզրակացության՝ փորձաքննվողը դեպքի պահին գիտակցել է իր գործողությունները, կանխատեսել է դրանց հետևանքները, նա ընդունակ է ճիշտ ընկալել ու վերարտադրել դեպքերը…

Ըստ եզրակացության՝ դեպքի պահին Մհեր Հախնազարյանը չի գտնվել ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում՝ բացակայել է աֆեկտին բնորոշ երրորդ՝ ուժասպառության փուլը: Դեպքի պահին ալկոհոլային հարբածության վիճակում գտնվելը նույնպես բացառել է ֆիզիոլոգիական աֆեկտի առկայությունը:

Մհեր Հախնազարյանը հայտնել է, թե ցանկացել է վերացնել սպանության հետքերը, նախապես վերցրել է սպանվածի հեռախոսը, շղթան ու խաչը, դրանք նետել է ջրատարի մեջ: Շփոթված վիճակում մեքենայով շրջել է քաղաքում ու պատուհանից դեն է նետել սպանության գործիք դանակը, որտեղ է նետել՝ չի հիշել…

«Օպել» մեքենայի տերը դեպքից երկու շաբաթ առաջ էր մեքենան հանձնել Մհերին, որ նորոգի, վերացնի թերությունները…

Դատարանում Մհեր Հախնազարյանը հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նախաքննական ցուցմունքում նա հայտնել է, թե տուժող Մայիսին ճանաչել է մոտ մեկ տարի, պատահել է, որ Մայիսը նույնիսկ գիշերել է իրենց տանը:

2018 թվականի մայիսի 14-ին նույնպես Մայիսը գիշերել է իրենց տանը: Հաջորդ օրն ինքը, եղբայրը, իրենց հարևանը որոշել են խորոված անել ու ավտոտնակում ուտել: Իրենց է միացել նաև Մայիսը, նաև մի քանի այլ անձինք: Սեղան են բացել ավտոտնակում, խորոված են կերել, խմել են: Ուշ երեկոյան բոլորը ցրվել են, մնացել են ինքը, եղբայրը, Մայիսը:

Վերջինիս ու իր եղբոր միջև վիճաբանություն է սկսվել, Մայիսը Մուշեղին պարբերաբար ասել է, որ նա «գողական տղա չի», իրենից ոչինչ չի ներկայացնում, «վաբշե» չգիտի՝ «գողականը» ով է, նա Մուշեղին հրել է անընդհատ: Ինքը Մայիսին դիտողություն է արել, բայց նա շարունակել է ագրեսիվ վարքագիծը, ձեռքերը պարզած բարձր խոսել է:

Մուշեղը հրել է նրա ձեռքերը: Մայիսը սեղանից վերցրել է պատառաքաղը, սուր ծայրով խրել է սեղանի մեջ: Քիչ անց նա սեղանից դանակն է վերցրել, ցանկացել է հարվածել Մուշեղին, ինքը բռնել է նրա ձեռքը, ոլորել, դանակը խլել է: Ապա այդ դանակով հարվածել է Մայիսի «դնչի տակ», հետո անկանոն հարվածներ հասցնելով՝ բազմաթիվ վնասվածքներ է պատճառել նրան…

Ինքը ֆիզիկապես ուժեղ էր, կարող էր դանակը վերցնելուց հետո Մայիսի դիմադրությունը կոտրել, թեկուզ՝ ծեծելով հանգստացնել, բայց նյարդայնացած ու վիրավորված էր նրա հնչեցրած հայհոյանքներից, բացի այդ՝ նա դանակ էր պահել իր եղբոր վրա…

Վերջին խոսքում Մհեր Հախնազարյանը զղջացել է կատարածի համար, խնդրել է իրեն պատժել… օրենքի ամբողջ խստությամբ…

Դատարանը Մհեր Հախնազարյանին մեղավոր է ճանաչել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել է 12 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2018 թվականի մայիսի 19-ից:

Մհեր Հախնազարյանից հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 1 միլիոն 121 հազար 200 դրամ՝ որպես կատարված փորձաքննությունների արժեքի հատուցում:

Rate article