«Երդվենք, որ զпհվել չկա, պիտի գնшնք տուն». այս խпսքերից րпպեներ անց Ժորшն զп հվել է. շпւտով կծնվի հերոսի առшջնեկը

ANIMALI CELEBRI

27-ամյա Ժորա Դալլաքյանը պայմանագրային զինծառայող էր: Պատերազմի օրերին կռվել է Քարվաճառում, որից հետո՝ Շուշիում:
«Ճամբարակի դիրքերն էր պահում, պատերազմի օրերին տեղափոխեցին Քարվաճառ, հետո՝ Վարդենիս:

Նոյեմբերի 6-ին տուն եկավ, նույն գիշերը տեղափոխեցին Շուշի»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատմում է Ժորայի հայրը՝ Սողոմոն Դալլաքյանը:Ժորայի եղբայրը՝ Սարոն, պատերազմի օրերին ևս առաջնագծում էր, երկու եղբայր միասին են կռվել Շուշիում:

«Շուշիում թեժ մարտեր էին, Ժորան ասում էր՝ գնամ՝ վերջացնենք պատերազմը: Անկազմակերպ է եղել ամեն ինչ, կռվելիս էլ զորքը ցրված է եղել»,- ասում է Սողոմոնը:Այդ օրերին Ժորան հազվադեպ էր զանգում, հարազատները նրա հետ վերջին անգամ խոսել են նոյեմբերի 8-ին:Թեև հերոսի եղբայրը ևս Շուշիում էր, սակայն այդ օրը միասին չեն եղել, Ժորայի վերջին զանգի ժամանակ առաջին ու միակ հարցը եղբորն է վերաբերվել. «Ասացի, որ Սարոն չի զանգել, ասաց՝ մեր տեղը լավ է, բայց Սարոյի համար եմ անհանգիստ»,- նշում է Ժորայի հայրը:Հայրը հիշում է, որ Ժորայի զանգից հետո Սարոն է զանգել, եղբորից հարցրել, սակայն հետո երկու եղբայր կարողացել են կապ հաստատել միմյանց հետ

«Սարո ջա՛ն, խոսելու հնարավորություն չկա, բայց լավ ենք, զգույշ եղի՛ր»,- ասել է Ժորան:Թեև Ժորան չի սիրել երդվել, սակայն այդ օրը եղբորն ասել է. «Երդվենք, որ զոհվել չկա, պիտի հետ գնանք տուն…»: Զինակից ընկերները պատմել են, որ հեռախոսն անջատելուց մի քանի րոպե անց՝ մոտավորապես 16.30-ի սահմաններում, տանկով խփել են Ժորային. Ժորան ընկավ Շուշիում՝ հերոսի պես:Ընկերները Ժորայի զոհվելու մասին լուրը եղբորից գաղտնի են պահել, Սարոն ընկերների զրույցից է հասկացել: Զոհվելուց երկու օր անց՝ նոյեմբերի 10-ին, Ժորայի դին փոխանցել են հարազատներին:Ժորան վերջերս էր ամուսնացել, շուտով կծնվի առաջնեկը՝ Արմինեն:

Հայրն ասում է, որ Ժորան վստահ էր՝ այս պատերազմում հաղթելու ենք:Ժորան սիրում էր երգել, նվագել, ու, թեև այլ մասնագիտություն ուներ՝ էլեկտրաեռակցող էր, սակայն չէր աշխատել այդ մասնագիտությամբ: Սերը դեպի զինվորական գործը ստիպել էր նրան պայմանագրային զինծառայող դառնալ:Ժորայենց գյուղում՝ Գետիկում, հերոսին, որպես լավ ու բարի համբավ ունեցողի, բոլորը գիտեն:

Rate article