Գյումրիում վերաբացված 7 մանկապարտեզները կրկին դադարեցրել են աշխատանքը

ANIMALI CELEBRI

Գյումրիի 24 մանկապարտեզներից 7-ը որոնք պատրաստակամություն էին հայտնել վերսկսել գործունեությունը, նորից դադարեցրել են աշխատանքները: Գյումրիի համայնքապետարանի աշխատակազմի կրթության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Շողիկ Ալեքսանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փաստեց, որ վերջին օրերին կորոնավիրուսով վարակվածների թվի աճը մտահոգություն է առաջացրել ծնողների մոտ:

«Ես այժմ ընդունել եմ տնօրենների դիմումները, որով նրանք հիմնավորում են, որ ծնողների մոտ կա մտավախություն, դրանով պայմանավորված չեն ցանկանում երեխաներին բերել մանկապարտեզ: Հաստատություններից մեկի տնօրենն էլ իր դիմումի մեջ նշել էր նաեւ «կավասակի» կոչվող հիվանդության մասին:

Տեղեկությունների տարածումը նույնպես իր ազդեցությունը թողնում է մանկապարտեզների աշխատանքների վրա: Դադարեցնում ենք աշխատանքները մնչեւ հունիսի 13-ը, տեսնենք թե հետո պարետատունը ինչ որոշում կհարապարակի ըստ այդմ էլ կառաջնորդվենք»,- նշեց Շ. Ալեքսանյանը:

Ըստ պաշտոնյայի վերաբացված մանկապարտեզներում, ճիշտ է, պահպանվում էին հիգիենայի բոլոր կանոնները, պարետի բոլոր հրահանգները, սակայն գրանցված երեխաներից դարձյալ քչերն էին գալիս հաստատություններ: «Ծնողներից շատերը այո, մեկ անգամ բժշկական տեղեկանք ներկայացրել են ստուգումների վերաբերյալ, բայց միանշանակ ասել, որ ծնողը կամ ծնողները իրենց ընտանիքի մյուս անդամները հետագայում վարակված կամ կոնտակտավոր անձանց հետ չեն շփվել դժվար է ասել, հետեւաբար այս տարբերակը, դադարեցնել աշխատանքները ավելի նպատակահարմար էր»,-ընդգծեց նա:

Կարմիր Գլխարկ մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Շուշանիկ Ստեփանյանն էլ NEWS.am հետ զրույցում հաստատեց տեղեկությունները, որ դիմում ներկայացրել են կրթության բաժին մանկապարտեզի աշխատանքների դադարեցման վերաբերյալ, որպես պատճառ նշելով, որ հայտարարագրված երեխաների թիվը շատ քիչ էր, եւ ամեն օր մանկապարտեզ չէին գալիս բավարար թվով երեխաներ:

Հիշեցնենք, Գյումրիի համայնքապետարանի ենթակայության տակ գործող մանկապարտեզներում այժմ կա գրանցված 2700 երեխա, որոնցից 828-ն այս տարի կգնա առաջին դասարան:

Rate article