Գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել Ազգային ժողով՝ Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու վերաբերյալ

ANIMALI CELEBRI


ՀՀ Ազգային ժողովը ստացել է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու եւ նրան անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն:

Այդ մասին քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը.

«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասի՝ տեղեկացնում եմ, ՀՀ գլխավոր դատախազի կողմից ստացել եմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրեր։ Հարցերն ընդգրկվել են հունիսի 16-ին մեկնարկող հերթական նիստերի օրակարգում»։

ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածը սահմանում է, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը գլխավոր դատախազը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին:

Ազգային ժողովի նախագահն այդ մասին անմիջապես տեղեկացնում է միջնորդագրում նշված պատգամավորին, իսկ դրա անհնարինության դեպքում հանդես է գալիս հայտարարությամբ: Միջնորդագիրը քննարկվում է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, որից հետո փակ գաղտնի քվեարկության արդյունքում միջնորդագրին կցվում է պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու կամ մերժելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան խուզարկություններ տեղի ունեցան Գագիկ Ծառուկյանի՝ Առինջում գտնվող առանձնատանը, այնուհետեւ նա շուրջ 10 ժամ անցկացրեց ԱԱԾ-ում, որտեղ հրավիրվել էր հարցաքննվելու իր վերաբերյալ քննվող քրեական գործերի շրջանակներում:

Rate article