«Ասում էր՝ կրակի, ես էլ կրակեցի…». կրտսեր սերժանտը դիրքում արձակած կրակոցներով սպանել է զինվորին

ANIMALI CELEBRI

Վերաքննիչ քրեական դատարանում՝ Ռ. Բարսեղյան, Տ. Սահակյան, Ս. Մարաբյան կազմով, մեկնարկեց Դավիթ Հարությունյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ:

Առաջին ատյանի դատարանում ամբաստանյալները երկուսն էին, բացի Դավիթ Հարությունյանից՝ ամբաստանյալի աթոռին էր նաև Հրաչ Հովհաննիսյանը:

Ըստ մեղադրանքի՝ 19-ամյա Դավիթ Հարությունյանը, հանդիսանալով պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով՝ կրտսեր սերժանտ, 2017 թվականի հոկտեմբերի 13-ից 27-ն ընդգրկված է եղել մարտական հերթապահությունում:

Ըստ մեղադրանքի՝ հոկտեմբերի 20-ին, ժամը 12-ն անց 40-ի սահմաններում մարտական դիրքում առույգ հերթափոխի դիտորդի պարտականությունները կատարելու ժամանակ նա իր ծառայակից՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արամ Խ.-ի հետ «միջանձնյա լարված հարաբերություններ ունենալու հանգամանքով պայմանավորված, վրեժի շարժառիթով սպանելու նպատակով իջեցրել է իրեն ամրակցված ինքնաձիգի ապահովիչը, մարտական փամփուշտներով լի պահեստատուփը ամրացված վիճակում լիցքավորել է զենքը, փողն ուղղել է տվյալ պահին իր հետ խոսակցության մեջ գտնվող Արամ Խ.-ի կրծքավանդակին, սեղմել է ձգանը»:

Արդյունքում Դավիթ Հարությունյանը, ըստ մեղադրանքի, արձակել է կրակոցներ: Արամ Խ.-ն կրծքավանդակի աջ կեսի հրազենային թափանցող մահացու վնասվածքներ է ստացել ու մահացել: Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ կրտսեր սերժանտը դիրքում արձակած կրակոցներով դիտավորությամբ սպանել է զինվորին…

Ըստ դատական ակտի՝ Դավիթ Հարությունյանը դեպքից անմիջապես հետո անձնակազմին հայտնել է, իբր՝ Արամին կրակել է հակառակորդը, իսկ դրանից հետո նա հայտնել է, իբր Արամն է ինքն իր վրա կրակել՝ ինքնասպանություն գործելու նպատակով…

Բացի դիտավորյալ սպանության մեղադրանքից, Դավիթ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել նաև 2017 թվականի հոկտեմբերի 17-ին ծատայակից Սևակ Ս.-ի նկատմամբ, իսկ հոկտեմբերի 19-ին ծառայակից, վերը արդեն հիշատակված Արամ Խ.-ի նկատմամբ բռնություն գործադրելու համար՝ իրեն «ոտքից քաշելու եղանակով արթնացնելու» պատճառով…

22-ամյա Հրաչ Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով դասակի հրամանատար, կոչումով՝ լեյտենանտ, հանդիսանալով պաշտոնատար անձ, պետ, 2017 թվականի հոկտեմբերի 17-ին, ժամը 21-ի սահմաններում իմանալով, որ զինծառայողներ Դավիթ Հարությունյանն ու Սևակ Ս.-ն միմյանց վիրավորանք են հասցրել, կատարվածի մասին չի զեկուցել վերադաս հրամանատարությանը: Բացի այդ, հոկտեմբերի 20-ին Դավիթ Հարությունյանի կողմից Արամ Խ.-ի վրա կրակելուց հետո, երբ Դավիթ Հարությունյանը «անկանոն վազվզում էր», նրան հայհոյել, ծեծի է ենթարկել՝ մի քանի անգամ ապտակել է՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Առաջադրված մեղադրանքում Դավիթ Հարությունյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Հայտնել է, թե ինքը չէր ցանկանում, որ նման բան տեղի ունենա, Արամին սպանելու նպատակ չուներ: Ինքը բոլորի հետ ջերմ հարաբերությունների մեջ է եղել:

2017 թվականի հոկտեմբերի 19-ին ինքն ու ծառայակից Նարեկը կանգնած էին մարտական դիրքում: Ձայներ են լսել հակառակորդի կողմից: Այդ ժամանակ լիցքավորել էր ինքնաձիգը ու չէր լիցքաթափել:

Հաջորդ օրը ինքը դիրքում գտնվելու ժամանակ զրուցում էր Արամի հետ տարբեր թեմաներից: Իրար հետ կատակներ էին անում: Ինքն Արամին ասել է՝ էնքան ես փորել, որ լրիվ «սերեբրիստի» ես դառել: Նա էլ կատակել է՝ ավելի լավ է «սեռի» լինեմ, քան քո նման սև: Ինքն էլ ուղղել ու ասել է՝ «սերեբրիստի»: Հետո Արամը կատակով բահով իր վրա հող է լցրել, իսկ ինքը կատակով զենքն ուղղել է նրա վրա: Նա բռնել է զենքից, այս ու այն կողմ է տարել ու ասել է՝ կրակի: Նա իրեն «ազարտի էր գցում», իրենք երկուսն էլ հասկանում էին, որ զենքը միևնույնն է՝ չի կրակելու: Ինքը կատակով փորձել է վախեցնել, ապահովիչը չրխկացրել է, որ նա ապահովիչի ձայնից վախենա ու հետ քաշվի: Բայց երբ սեղմել է ձգանը, անակնկալ կրակահերթ է արձակվել: Հետո չի հիշում՝ ինչ է կատարվել: Ինքը գոռում էր, որ Արամին օգնեն, փրկեն կյանքը:

Ամբաստանյալ Դավիթ Հարությունյանը պնդել է, թե իր ու Արամի միջև վեճ չի եղել, ոչ ոք վեճի ձայն չի լսել: Մի քանի օր առաջ Սևակի կողմից իրեն քնից արթնացնելու հետ կապված ինքը զայրացել է, որովհետև քնաթաթախ է եղել: Հետո ինքն ու Սևակը «բարիշել են»: Արամ Խ.-ի հետ կապված նմանօրինակ միջադեպ չի եղել, ըստ գրաֆիկի՝ նա իրեն արթնացնել չէր կարող…

Ամբաստանյալ Հրաչ Հովհաննիսյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Հայտնել է, թե կրակահերթից հետո լսել է, որ Դավիթ գոռում էր՝ հակառակորդը հարձակվեց: Ինքը տագնապ է տվել, գնացել է դիրք, տեսել է Դավիթին, որն ասում էր. «Չէի ուզում, նա ասեց՝ կրակի, կրակեցի»: Տեսել է, որ Արամն ընկած է, հասկացել է՝ ինչ է պատահել: Դավիթն իրեն ադեկվատ չէր պահում, ասում էր՝ հեռախոս տվեք, զանգեմ պապային, ու վազվզում էր: Ինքը նրան ուշքի բերելու համար մեկ անգամ ապտակել է:

Ինչ վերաբերում է Դավիթի ու Սևակի միջև տեղի ունեցած միջադեպին, ապա քնից արթնացնելու հետ կապված Դավիթը քնաթաթախ արտահայտություն է արել, Սևակը պատասխանել է նրան: Հետո նրանք հաշտվել են, կարելիէ ասել՝ միջադեպ չի էլ եղել:

Վկա Սևակ Ս.-ն հայտնել է, թե մի անգամ Արամը Դավիթի հասցեին վիրավորական բառ է ասել, որովհետև նա ծխախոտը պահում ու իրենցից էր ծխախոտ ուզում: Պատահել է՝ ինքն ու Արամը դիտակետում քնել են, Դավիթը իմացել է…

Ըստ ծառայակիցների՝ Արամը հանգիստ, ոչ կոնֆլիկտային անձնավորություն էր, բայց որևէ սխալ բան տեսնելու դեպքում անտարբեր չէր մնում, արձագանքում էր…

Դավիթը դիրքում իրականացվող աշխատանքներին չէր մասնակցում, պատճառաբանում էր, թե չի կարողանում աշխատել, եթե աշխատի՝ չի կարողանա դիտակետում կանգնել: Նա ասում էր՝ առողջական խնդիր ունի, դիրքում աշխատելու տեղը կարող է «տորթ պատրաստել»:

Դավիթը, ըստ ծառայակիցների վկայությունների՝ «փորձում էր անձնակազմի շրջանում հեղինակություն ձեռք բերել, աշխուժություն էր դրսևորում, փորձում էր տարբերվել մյուսներից»… Արգելված էր առաջնագծում ծխելը, բայց Դավիթն ասում էր, թե չի կարող երկու ժամ առանց ծխելու դիմանալ…

Ըստ ծառայակցի վկայության՝ երբ վիրավոր Արամին դիրքից պատգարակով տեղափոխում էին, Դավիթը մոտեցել ու ասել է՝ չէի ուզում, կներես, ախպերս…

Դատարանը Դավիթ Հարությունյանին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքների, մասնավորապես՝ դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև՝ 360 հոդվածի 1-ին մասով՝ 2 դրվագով:

Դավիթ Հարությունյանը վերջին հաշվով դատապարտվել է 12 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2017 թվականի հոկտեմբերի 20-ից:

Հրաչ Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին և 358.1 հոդվածի 1-ին մասերով ու վերջին հաշվով դատապարտվել է 2 տարի 3 ամիս ազատազրկման, նրա նկատմամբ կիրառվել է պայմանական դատապարտություն, սահմանվել է 3 տարի փորձաշրջան:

Դավիթ Հարությունյանից հօգուտ տուժողի իրավահաջորդի կբռնագանձվի 1 միլիոն 500 հազար դրամ՝ որպես տուժողի հուղարկավորության ծախսերի հատուցում: Քաղհայցը մնացած մասով թողնվել է առանց քննության, տուժողի իրավահաջորդին իրավունք է վերապահվել այն ներկայացնելու քաղաքացիական դատավարության կարգով:

Դավիթ Հարությունյանից հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 220 հազար 080 դրամ՝ որպես դատական ծախսերի՝ կատարված փորձաքննությունների արժեքի հատուցում:

Այս դատավճիռը բողոքարկվել է միայն Դավիթ Հարությունյանի մասով: Դատավճիռը Հրաչ Հովհաննիսյանի մասով չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

Դավիթ Հարությունյանի մասով դատավճիռը բողոքարկել են դատավարության բոլոր կողմերը:

Ամբաստանյալի շահերի պաշտպաններ Ա. Թորոսյանն ու Ա. Կարապետյանը իրենց բողոքում պահանջել են, որ դիտավորյալ սպանության մեղադրանքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, իրենց պաշտպանյալ Դավիթ Հարությունյանի նկատմամբ կայացվի արդարացման դատական ակտ՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Մեղադրող դատախազն ու տուժողի իրավահաջորդը՝ սպանված Արամի եղբայրը, պահանջել են պատժի մասով փոփոխել դատավճիռը՝ պատիժը խստացնելու առումով:

Մասնավորապես՝ տուժողի իրավահաջորդը պահանջել է նաև դիտավորյալ սպանության մասով արարքը վերաորակել՝ Դավիթ Հարությունյանին մեղավոր ճանաչել ծանրացուցիչ հանգամանքում կատարված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով, և հանցանքների համակցությամբ նրան դատապարտել «անհամեմատ ավելի խիստ պատժի»:

Տուժողի իրավահաջորդը պահանջել է նաև ամբողջությամբ բավարարել քաղհայցի պահանջը՝ ամբաստանյալից բռնագանձել 3 միլիոն դրամ՝ որպես հանցագործությամբ անմիջականորեն պատճառված նյութական վնասի հատուցում:

Կողմերն իրենց բերած վերաքննիչ բողոքները կհիմնավորեն դատական հաջորդ նիստին՝ նոյեմբերի 14-ին:

Rate article