Այսպիսի «ձրիակերական մոտիվացիան» այլասերում է կառավարությունը․ Ռոբերտ Քոչարյան

ANIMALI CELEBRI

Այսպիսի «ձրիակերական մոտիվացիան» այլասերում է կառավարությունը․ Ռոբերտ Քոչարյան

Yerevan.Today-ը ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի միջոցով հարցեր էր ուղղել Ռոբերտ Քոչարյանին։ Հունվարի 28-ին ստացել են պատասխանները, որոնք և հրապարակում են ամբողջությամբ։

Տարին սկսվեց տարածաշրջանում լարվածության աճով, որի պատճառը իրանցի գեներալ Սուլեյմանիին սպանելու՝ ամերիկացիների քայլն էր։ Ինչպե՞ս եք գնահատում իրադարձությունները և մեր իշխանությունների արձագանքն այդ իրադարձություններին:

Տեղի ունեցող իրադարձությունները գլոբալ աշխարհակարգի վերաֆորմատավորման գործընթացի հետևանք են, ինչի մասին խոսել եմ վերջին հարցազրույցներից մեկում։

Տարածաշրջանային խաղացողների ազդեցության աճին հակազդում է գլոբալ առաջնորդը, որն արդեն չունի գերակայելու համար ռեսուրսներ, սակայն դեռ ունի ընդդիմախոսներին վնաս հասցնելու հնարավորություն։

Գործընթացը չափազանց վտանգավոր է, բայց անխուսափելի, և մենք պետք է պատրաստ լինենք նման դրսևորումներին։ Հայաստանի արձագանքն ամոթալի, ջայլամային էր։

«Լեոպոլդ» կատվի մասին հայտնի մուլտֆիլմից «եկեք համերաշխ ապրենք» ոճով վարչապետի «Լեռան քարոզը» բացարձակապես ադեկվատ չէր։ Խոսքն ինչ-որ մեկի կողմն անցնելու մասին չէ, սակայն պետք էր գոնե նշել տեղի ունեցածի պատճառահետևանքային կապը։

Այսպես՝ կողքից հետևողի դիրքերից, կարող էր արձագանքել Պոլինեզիայի որևէ կղզի պետություն, ոչ թե բարեկամ հարևանը։

Կիսո՞ւմ եք տնտեսական ցուցանիշների վերաբերյալ վարչապետի հիացմունքը։ Ինչպիսի՞ն է տնտեսական տարվա ու խնդիրների վերաբերյալ Ձեր կանխատեսումը:

Վարչապետի հիացմունքի պատճառները, հավանաբար, հայտնի են միայն իրեն։ Տնտեսությանն առնչվող հարցերին ավելի մանրամասն կանդրադառնամ, քանի որ կարելի է խոսել նախորդ տարվա որոշ արդյունքների մասին։

ա) Երկու բառ տնտեսության կառուցվածքի մասին:

Հիշեցնեմ, որ կառավարությունը խոսում էր հումքային բաղադրիչը կրճատելու, բարձր արտադրողական գյուղատնտեսություն զարգացնելու, շինարարությունը խթանելու, ինչպես նաև գիտատար արտահանման կողմնորոշում ունեցող ճյուղերը ու թվային տնտեսությունը զարգացնելու հաստատակամ մտադրության մասին։

Նախորդ տարի տեղի է ունեցել հակառակը. տնտեսության ընդհանուր ծավալում հանքաարդյունաբերության մասնաբաժինն աճել է, գյուղատնտեսության մասնաբաժինը՝ նվազել, ներկրման և արտահանման տարբերությունն աճել է, առևտրի և ծառայությունների ոլորտն աճել է՝ բացառապես խաղային բիզնեսի և սպառողական վարկավորման, այլ ոչ թե «նոր տնտեսության» հաշվին:

Վարչապետի խոստացած շինարարական բումն այդպես էլ չսկսված՝ ավարտվեց. ոլորտն ավելի փոքր տեմպերով աճեց, քան տնտեսությունն ընդհանուր առմամբ։ Բյուջեի ծախսային մասը խիստ թերակատարվել է կապիտալ ծախսերի մասով։ Պետական պարտքն աճել է, ՀՀ-ից մարդկանց արտահոսքը՝ շարունակվել:

Այսպիսով, տնտեսության կառուցվածքը նախորդ տարվա ընթացքում փոխվել է վարչապետի ծրագրերին ի հակառակ։

Նախանշված նպատակների և փաստացի արդյունքների իրարամերժ զարգացումը խոսում է կառավարության մոտ տնտեսական քաղաքականության, կառավարման հմտությունների և նույնիսկ կարճաժամկետ կտրվածքով կանխատեսելու ունակության բացակայության մասին:

Երկրի տնտեսության կառուցվածքը ձևավորում էր պղնձի գները և տոտալիզատորը, այլ ոչ թե՝ կառավարության ծրագրերը։ Սա նախարարների և գերատեսչությունների ղեկավարների մեծամասնության մասնագիտական տարրական անպիտանության արտացոլումն է։

բ) Տնտեսական աճի մասին:

Տնտեսությունն իսկապես աճել է, բայց տնտեսագետների մեծամասնության գնահատմամբ՝ ամենևին ոչ 7,5% – ով: Ըստ Հ. Բագրատյանի՝ աճը կազմել է 3,5 տոկոս, ինչն ավելի նման է ճշմարտությանը։

Վիճակագրությունը կասկածի առիթ է տալիս, քանի որ տնտեսության աճը գործնականում չի ազդել երկրի քաղաքացիների մեծամասնության կենսամակարդակի վրա:

Բացի դա, տրանսպորտային փոխադրումների և էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների կրճատումը տնտեսական աճի տրամաբանության հետ չի խոսում։

Վիճակագրության դեֆորմացիան տեղի է ունենում նաև տնտեսության մեջ հսկայական «փուչիկի» պատճառով, որն առաջացել է թաքնված վերաարտահանման նպատակով ավտոմեքենաների ներմուծման հետևանքով՝ պայմանավորված ԵԱՏՄ երկրների հետ հարկման տարբերությամբ։

Ներքին շուկայի պահանջարկը շուրջ 30 հազար է, իսկ նախորդ տարի երկիր է ներկրվել 189 հազար ավտոմեքենա։ Դա ուռճացրել է տնտեսության բազային ցուցանիշները, ինչը թույլ չի տալիս օբյեկտիվորեն գնահատել իրական վիճակը:

Այդ իսկ պատճառով, առևտրի և ծառայությունների ծավալների թվերը լուրջ վերաիմաստավորման կարիք ունեն: Ակնհայտ է, որ սպառողական վարկերի պորտֆելի կտրուկ աճը մեծապես պայմանավորված է հենց այդ գործոնով։

Դրանով է բացատրվում նաև հարկային մուտքերի գերակատարումը

Տնտեսության իրական պատկերը հասկանալու համար պետք է հաշվարկել ավտոմեքենաների ներմուծման ազդեցությունը ՀՆԱ-ի ձևավորման վրա՝ հաշվի առնելով դրա մուլտիպլիկատիվ էֆեկտը։

Ավելին, հավանական է, որ նման բան տեղի է ունեցել մի շարք այլ ապրանքատեսակների մասով, որտեղ հարկման տարբերությունը նույնպես ձևավորել է բիզնեսի սպեկուլյատիվ մոտիվացիա:

«Հանրապետական» անցյալից նոր իշխանությունների համար այս յուրօրինակ «բոնուս-նվերը» վերջացավ, թեև դեռ որոշակի իներցիա կլինի ընթացիկ տարվա առաջին ամիսներին։ Արդյունքում լավ է, որ տնտեսությունը, այնուամենայնիվ, աճել է, բայց հիացմունքի առիթ չկա։

գ) Ընթացիկ տարվա կանխատեսումները:

Ընթացիկ տարվա բյուջեով նախատեսվում է ՀՆԱ-ի աճ՝ ընդամենը 4,9%-ով։ Համաշխարհային տնտեսության՝ 3,5 տոկոս աճի կանխատեսումների պարագայում նման բյուջեով իշխանությունները պետք է ամաչեն մարդկանց աչքին երևալ։ Հատկապես՝ տնտեսության «թռիչքային» աճի մասին խոստումներից հետո:

Տարին հեշտ չի լինի, խնայված և ներգրավված գումարները կուղղվեն արտաքին տպավորիչ պարտքի գագաթնակետի սպասարկմանը, ուստի ստիպված կլինեն լրացուցիչ միջոցներ ներգրավել:

Ներդրումներ չեն լինի, մինչև հեղափոխությունը չդադարի լինել «նոր» Հայաստանի բրենդը, մինչև չվերականգնվի վստահությունը բանկային գաղտնիքի նկատմամբ, չդադարեն արտադատական շորթումները բիզնեսից, չդադարեն սեփականության վերաբաշխման մասին խոսակցությունները, և չփոխվի երկրում տոտալ ատելության մթնոլորտը։

Rate article