««Փորձում ենք հոգեպես և ֆիզիակապես պատրաստ լինել բեմ վերադառնալուն». Մարիամ Ադամյան

ANIMALI CELEBRI

Դերասանուհի Մարիամ Ադամյանն արդեն շուրջ 5 տարի է՝ խաղում է թատրոնում: Tert.am Life-ի հետ զրույցում Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհին ասաց, որ երկար դադարից հետո պատրաստվում է «Սերը տարիք չի հարցնում» ներկայացմանը, որը կրկին բեմում կլինի փետրվարից:

«Թատրոնում նախապատրաստական աշխատանքներ ու փորձեր են, քանի որ փետրվարից բեմ ենք վերադառնալու: Լինելու են և՛ խաղացանկից արդեն հայտնի ներկայացումներ, և՛ նոր ներկայացումներ, որոնց մասին խոսել չեմ կարող: Վաղուց չենք խաղացել և, իհարկե, աշխատանքային վիճակի մեջ լինելու խնդիր կա, աշխատելու շատ բան կա, հիմա փորձում ենք բեմ վերադառնալուն հոգեպես և ֆիզիակապես պատրաստ լինել: Առաջին ներկայացումը «Սերը տարիք չի հարցնումն» է, որը խաղում եմ ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանի հետ: Մի փոքր լարվածություն կա, քանի որ երկար ժամանակ է՝ չենք խաղացել, հանդիսատեսի հետ շփումը չի եղել, թեև կարծում եմ՝ փորձերի շնորհիվ կվերդառնանք նախկին վիճակին» ,- ասաց նա:

Մարիամի խոսքով՝ ինչպես թատրոնի բոլոր դերասանները, ինքը ևս կարոտել է բեմն ու հանդիսատեսի հետ շփումը: «Վաղուց չենք խաղացել ու շատ եմ կարոտել բեմը: Այդ ընթացքում փորձել եմ այլ բաներով զբաղվել, փորձել լցնել թատրոնի տեղը, ավելի շատ ժամանակ եմ հատկացրել կարդալուն, նաև սերիալային նկարահանումներ ունեի. այս ամենն օգնում էր խուճապային իրավիճակից կտրվել՝ չնայած խուճապի հեշտ չեմ մատնվում: Ընդհանրապես ես երբևէ խուճապի չեմ մատնվել թեկուզ համաճարակի հարցում՝ իհարկե պահպանելով բոլոր կանոնները» ,- նշեց Մարիամը:

Ըստ դերասանուհու՝ որքան էլ ժամանակները փոխվել են, թատրոնը շարունակվում է պահանջված մնալ: «Կարծում եմ՝ թատրոնը միշտ է պահանջված, մարդիկ միշտ էլ սիրել են թատրոն գնալ: Որքան էլ այսօր մեր կյանք են մտել համացանցը, հեռուստատեսությունը, մարդիկ էլ հաճախ չեն կարողանում 3 ժամ հատկացնել թատրոն դիտելու համար, որովհետև շատ են աշխատում ու նախընտրում են իրենց հանգիստը հեռուստացույցի առջև անցկացնել, թատրոնը միշտ էլ կլինի: Իհարկե մեզնից շատ դարեր առաջ պահանջարկն ավելի շատ է եղել և դա բնական է» ,- ընդգծեց նա:

«Անվերջ վերադարձ» ներկայացման մեջ Դրամատիկական թատրոնի բեմից հնչում են «Արվեստի մեջ առաջնորդվել ժողովրդի ճաշակով՝ նշանակում է չծառայել ժողովրդին» Սևակյան խոսքերը, դերասանուհուց հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ է համաձայն մտքի հետ:

«Այդ խոսքերը մեր թատրոնի բեմից հաճախ են հնչում, ինքս էլ խաղում եմ տվյալ ներկայացման մեջ: Իհարկե ժողովրդի ճաշակը մարզելու համար է նախատեսված, պետք չէ այդ ճաշակին որևէ բան հարմարեցնել: Եթե ռեժիսորները, դերասաններն ինչ-որ բան անեն առաջին հերթին իրենց դուր գալու համար, այդ ժամանակ ժողովրդին էլ դուր կգա: Հանդիսատեսի հետ պետք է ազնիվ լինել, ազնվությունը միշտ էլ գնահատվում է: Միշտ ասում եմ, որ դիմացինիդ ազնվությունից ելնելով միշտ լսում ես նրան և կապ չունի, թե ինչից է խոսում: Ազնիվ ներկայացումն անհնար է, որ հետք չթողնի թեկուզ մեկի հոգում» ,- եզրափակեց Մարիամը:

Rate article