Նայելիս տանջվում էինք, ասես՝ մեր գրածն ու նկարածը չլիներ․ Նարինե Դովլաթյանի նոր երգը՝ նվիրված հայ մարտիկներին

ANIMALI CELEBRI

Երգչուհի Նարինե Դովլաթյանը նոյեմբերի 23-ին նոր տեսահոլովակ ու երգ է ներկայացրել։ Այն ավելի շուտ անիմե է, որով ներկայացվում են մարտի դաշտում մերօրյա հերոսներն ու նրանց սպասող պարմանուհիները։

Ամենապարզ, հասկանալի եւ միեւնույն ժամանակ զգայուն շեշտադրումներով է այս անիմեն, որը շատերի կյանքի իրական նկարագիրն է։ Իսկ երգը կոչվում է «Նա պիտ Էրթար», որը դրական գնահատանքի ու արձագանքների է արժանացել հանրության շրջանում։ «Նա պիտ Էրթար»-ի անմիեի գաղափարի ու մանրամասների շուրջ «Հայկական ժամանակը» խոսել է երգի հեղինակ-կատարողի, երգչուհի Նարինե Դովլաթյանի հետ։

– Նարինե, նոր երգ ու նոր տեսահոլովակ ունեք, որը շատ համահունչ է մերօրյա կյանքի ու տխուր առօրյայի հետ: Տեսահոլովակի սյուժեն իրական պատմության հիման վրա՞ է, թե՞ հորինված է։

– «Նա պիտ Էրթարը» ես եմ գրել, բայց շատ վաղուց։ Իսկ անիմեի ու սյուժեի հեղինակը Հայկ Սայադյանն է։ Սյուժեն մեր շատ ու շատ հերոսների մասին է, որոնք անմահացան: Այս երգը գրել եմ տարիներ առաջ, բայց չեմ թողարկել, որովհետեւ այն շատ իմն էր։ Սա այն հատուկենտ երգերից է, որ նստել եմ դաշնամուրի մոտ եւ նվագել ու երգել։ Այն ժամանակ տպավորություն էր, թե սա պատրաստի կար, ուղղակի նստել եմ նվագել ու երգել։ Երբ ամեն ինչ մեր կյանքում խառնվեց այսպես, մի օր Հայկի հետ էինք խոսում, ասաց, որ ուզում է անիմե նկարել ու մտածում է միասին սաունդթրեք գրելու մասին։ Ես ասացի, որ սաունդթրեքը վաղուց կա գրած, մնում է անիմեն նկարել։ Երգն ուղարկեցի Հայկին, ու նա նկարեց։ Երբ անիմեն արդեն պատրաստ էր, նայելիս ես ու Հայկը տանջվում էինք, հետո իրար մխիթարում, ասես՝ մեր գրածն ու նկարածը չէր… Շատ ծանր էր։ Հայկը հանճարեղ ներկայացրել է մեր իրականությունն ամեն մի կադրում, բայց վերջում ինձ ասաց․ «Երանի սա նկարելու առիթը չունենայինք»։

– Կադրերում հերոսուհին «ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում անընդհատ Դավիթ անունով մեկին է գրում ու սպասում։ Հենց Դավթի կերպարը այս օրերին ինչ-որ մեկի մասի՞ն է, թե՞ հորինված է։

– Դավիթը բոլորի հավաքական կերպարն է, որը պատերազմի ողջ ընթացքում կռվեց ու պայքարեց հայրենիքի համար։ Անիմեում էլ նա կապի դուրս չի գալիս, բայց վերջում գիտակցելով պահը եւ այն, որ գուցե էլ երբեք դրա հնարավորությունը չլինի, մի վերջին նամակն է ուղարկում սիրելիին, որն այդ պահին արված լուսանկար էր․ այդ մի լուսանկարի մեջ կար ամեն ինչ…

Դե, իսկ հերոսուհին ամբողջ ընթացքում գրում ու սպասում էր՝ տանը, թե աշխատավայրում, ամեն օր, ամեն գիշեր սպասում էր։ Նրա մտքում միայն Դավիթն է։ Նա ողջ կյանքը սպասում է… Նույնիսկ դժվար է խոսել այս մասին…

– Փաստորեն, անհնար է թվացել, որ Դավթը կփրկվեր կամ կվերադառնար։

– Դավիթը շատ-շատերի պես գնաց գիտակցված անմահության։

– Նարինե, ձեր այս տեսահոլովակը շատերն են տարածել իրենց էջերում, ու տեսա, որ անգամ մարդիկ կային, որոնք գրել էին՝ իսկական արվեստագետը հենց դուք եք, որ այս ծանր օրերին ձեր մեջ ուժ եք գտել ստեղծագործելու, կատարվածը վերապրելու: Համաձա՞յն եք, որ այս ժամանակահատվածում դժվար է այդպիսի ստեղծագործական աշխատանք անել։

– Շնորհակալ եմ, իհարկե, նման գնահատակի համար, բայց ես իմ բոլոր աշխատանքներին շատ քննադատաբար եմ մոտենում։ Իսկ ինչ վերաբերում է այս ընթացքում ստեղծագործելուն, դա ինձ օգնում է շնչել, ապրել։ Հիմա առավել քան շատ եմ ստեղծագործում, նվագում եմ, երգում, որպեսզի չգժվեմ։ Բոլոր տեղերից ստանում եմ նամակներ, արձագանքներ, բոլորի հետ լացում եմ, չգիտեմ։ Բայց կարծես աշխարհը փուլ եկած լինի, անորոշ է ամեն ինչ… ապագայի ոչ մի պլան։ Դեռ փորձում ենք սթափվել, ուշքի գալ։ Ամեն դեպքում, պիտի մեր մեջ ուժ գտնենք ու փորձենք ամեն մեկս մեր բնագավառում օգտակար մի բան անել։

«Նա պիտ Էրթար»

Rate article