ՄՈՌԱՑԵԼ ԵՆՔ, ՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՌՈԲՈՏՆԵՐ ՉԵՆ, ԻՍԿ ՈՒՍՈՒՑԻՉԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՄԱՐԴ Է ԵՒ ՈՒՆԻ ԸՆՏԱՆԻՔ

Մոռացել ենք, որ երեխաները ռոբոտներ չեն, իսկ ուսուցիչը նույնպես մարդ է եւ ունի ընտանիք

Այսօր կազմակերպված «Հեռավար կրթության մարտահրավերներն ու հնարավորությունները արտակարգ իրավիճակի պայմաններում» հեռավար քննարկման ժամանակ խոսեցին նաեւ ծնողները: Ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանն անդրադառնալով հեռավար ուսուցման հագեցած բովանդակային օրակարգին, առաջարկեց մեկ շաբաթյա դադար վերցնել, որը կօգնի հասկանալ առաջացած խնդիրներն ու առաջ գնալ: «Այդ ընթացքում կարելի է ամեն մի առարկայից մեկ առաջադրանք տալ, որոնք կարող են վերցված լինել հանրայինով հեռարձակվող բաց դասերից եւ ինտեգրված առաջադրանքներ լինեն: Նաեւ սահմանել դասերի ոչ ամենօրյա ռեժիմ եւ հնարավորություն տալ բազմազավակ ընտանիքներին եւ աշխատող ծնղներին ավելի ճկուն պլանավորել ժամանակը` մի օր դաս, մի օր տնային աշխատանքներ սկզբունքով: Նաեւ վերանայել տնային աշխատանքների ձեւը, չափը եւ դրանց մեթոդական հիմնավորվածությունը»:

Մաթեմատիկոս, հրատարակիչ Էմմա Կիրակոսյանի կարծիքով էլ, հեռավար ուսուցումը լավ բան է, բայց կան բազմաթիվ բացեր. նախ տեխնիկական հագեցվածության խնդիրը, որը հաշվի չի առնվել. «Ամեն անգամ ամեն աշակերտի ուղարկած նկարը մեծացնել, ստուգել, հետո արտագրել ուրիշ թղթի վրա, նկարել, հետո ուղարկել, որը տեւում է ամենաքիչը 15 րոպե, եկեք սա բազմապատկենք 20-ով, կստանանք ուղիղ 5 ժամ, ու սա այն դեպքում, երբ ուսուցիչն ունի 20 աշակերտ: Ստացվում է ուսուցիչը առավոտից մինչեւ ժամը 4-ը աշխատում է օնլյան, իսկ մնացած ժամանակը պետք է տրամադրի աշխատանքները ստուգելու համար, հիշեցնում եմ, որ ուսուցիչը նույնպես մարդ է եւ ունի ընտանիք: Այստեղից հետեւություն, որ ուսուցիչը չի կարող ապահովել որակ, ուստի նրանից պահանջել լրացնել էլեկտրոնային մատյան, գնահատական դնել, պարտադիր ներկա բացակա անել, բերում է նրան, որ իրենք սպառնում են աշակերտներին` եթե չլինես դասին բացակա եմ դնելու, մնալու ես վերաքննության եւ այլն: Ու, եթե ձեզ տնօրենները զեկուցում են, որ ամեն ինչ լավ է, մեղմ ասած այդպես չէ եւ կարծում եմ, այս ամենը արվում է զուտ գալոչկայի եւ ընդհանուր մրցակցային ֆոնի վրա լավ աշխատանք ցուցադրելու համար»:

Մոռացել ենք, որ երեխաները ռոբոտներ չեն, իսկ ուսուցիչը նույնպես մարդ է եւ ունի ընտանիք

Ոչ պակաս կարեւոր խնդիր է մարմնի ֆիզիկական եւ կենսաբանական առանձնահատկությունները, դիցուք աչքերի խնդիր ունեցող երեխայից պահանջել, որ օրական 5-6 ժամ նստի էկրանի առաջ, որպեսզի բացակա չստանա, նույնպես անարդար է: Կիրակոսյանն առաջարկեց, որ այս օրերին գնահատական դնելը պարտադիր չլինի կամ դրվեն ուսուցիչների հայեցողությամբ, քանի որ չունենք հեռավար ուսուցման ամբողջ գործիքակազմը: «Կան առարկաներ, որ կարելի է շաբաթական մեկ անգամ դասավանդել, օրինակ պատմողական առարկաները: Քչացրեք օնլյան դասերի ժամանակը: Կան օրեր, որ դասերը սկսում են ժամը 11-ին եւ ավարտվում երեկոյան ժամը 7-8-ին, ու այս ամենի հետ մեկտեղ շատ տնայիններ: Կամ երեխաները, ե՞րբ նայեն Հանրայինով հեռարձակվող այդ դասերը, երբ հենց այդ ժամին դասի են նստած կամ տնային են անում: Հետո Հանրայինով դասերը սկսում են առավոտյան ժամը 8-ին, ստացվում է երեխան ժամը 8-11-ը պետք է այդ դասերը նայի, հետո ժամը 11-ից ուսուցչի հետ դաս անի: Մենք բոլորս մոռացել ենք, որ երեխաները ռոբոտներ չեն: Իսկ եթե ծնողը մինչեւ ժամը 6-ը աշխատում է կամ հենց ուսուցիչ է, ի՞նչ անի, մտածե՞լ եք, որ մարդիկ նաեւ հոգնում են: Բացի այդ ուսուցիչների քանի՞ տոկոսն ունի որակյալ համակարգիչ, ինտերնետ, էլեկտրոնային կրիչ եւ եթե անգամ հազար ուսուցիչ շատ լավ արդյունք է ցույց տալիս, դա կազմում է ընդհանուրի միայն 2.7 տոկոսը, իսկ դա մեզ համար լուռ ահազանգ է: Օրն ունի 24 ժամ, որից 8-9 ժամը երեխան պետք է քնի, իսկ ձեր առաջարկով նա կամ պետք է նստած լինի Հանրայինի առաջ կամ «Զումում», կամ տնային անի, որը էլի չի հերիքի: Հեռավար ուսուցում չի նշանակում մտնել «Զում»»,-ասաց Կիրակոսյանն ու առաջարկեց նաեւ օնլյան հարթակ բացել ուսուցիչների անանուն կարծիքները լսելու համար:

 

Սոնա Ադամյան

Rate article