«Ես զրկվեցի և՛ անձնական երջանկությունից, և՛ իմ երեխաներից, և՛ առողջությունից, բայց ժողովրդի կողմից մենակ չմնացի»

ANIMALI CELEBRI

ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Լուսինե Կիրակոսյանը, ով տասնյակ տարիներ խաղացել է Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, երկար ժամանակ է` սիրելի թատրոնում չի խաղում, պատճառն իրեն հայտնի չէ:

Tert.am Life-ն անկեղծ զրույց է ունեցել դերասանուհու հետ՝ թատրոնի, սիրելի դերերի և ապրումների մասին:

Տկն Լուսինեն հիշեց, որ Թատերական ինստիտուտի երկրորդ կուրսում էր սովորում, երբ սկսեց խաղալ Դրամատիկական թատրոնում.

«Հրաչյա Ղափլանյանն ինձ առաջարկեց տուն տալ, դրա դիմաց պետք է խոստանայի, որ կխաղամ միայն Դրամատիկական թատրոնում:

Իմ կուրսղեկը Վարդան Աճեմյանն էր, ով ինձ վերցրել էր հետագայում Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում խաղալու համար: Ես խոստացա Հրաչյա Ղափլանյանին ու խոսքիս տերը եղա մինչև օրս:

Մի բան էլ կա՝ ես «однолюб» եմ, հայերեն բառը գիտեմ, բայց այս դեպքում ռուսերենն ավելի լավ է հնչում: Երբ այլ թատրոններ եմ գնացել, ինձ նեղված եմ զգացել՝ չնայած արդեն մեր թատրոնում էլ եմ նեղված զգում, որովհետև դերեր չեմ ստանում: Պատճառն ինքս էլ չգիտեմ»:

Դերասանուհին ասաց, որ կարոտում է բեմը, բայց ոչինչ անել չի կարող:

«Ես զրկվեցի և՛ անձնական երջանկությունից, և՛ իմ երեխաներից, որոնք ծնվեցին՝ մահացան, և՛ առողջությունից, մնացի միայնակ՝ ամեն ինչ տալով թատրոնին, բայց ժողովրդի կողմից մենակ չմնացի, ժողովուրդն ինձ սիրում է: Ինչպե՞ս կարող եմ չկարոտել բեմը: Կարծես երեխա ունենաս, որին տաս մեկ ուրիշին և, երբեմն, հեռվից նայես: Իմ ամբողջ կյանքը տրագիկոմեդիա է, չեմ կարող ասել, թե դրանցից որն է շատ կամ քիչ եղել:

Նույնիսկ իմ հումորի մեջ տխրություն կա,- ասաց նա և հավելեց, որ եթե իր մասին ներկայացում բեմադրվեր, վերնագիրը կլիներ «Կարոտ», որովհետև այն իր մեջ շատ է, չի անցնում,- Կա անհույս և հույսով կարոտ: Անհույսն այն մարդկանց հանդեպ է, ովքեր մահացել են ու հետ բերել չես կարող, իսկ հույսովն այն մարդկանց հանդեպ է, ում կարող ես տեսնել քո կողքին, բայց չես տեսնում, պետք չէ, որ տեսնես»:

Հարցին, թե ինչպիսի՞ն է իր առօրյան, դերասանուհին պատասխանեց.

«Արթնանում եմ, ճաշ պատրաստում, տանում ու կերակրում դրսի շներին, կատուներին: Տանն էլ մեկ շուն և երկու կատու ունեմ: Այդ ամենն ինձ օգնում է, երբ չարչարվում եմ, ինձ լավ եմ զգում: Նաև ստեղծագործում եմ: Ցանկանում եմ այդ ստեղծագործությունները հավաքագրել ու գիրք հրատարակել: Երեկ հայրիկիս մահվան օրն էր, որից արդեն 39 տարի է անցել: Մոմ վառեցի, խունկ ծխեցի, հուզվեցի, երգեցի: Երգելն ինձ շատ է օգնում, բայց ուրախ երգեր չեմ երգում, երգելուց հետո էլ հուզվում եմ, անկախ ինձնից արցունքներս հոսում են»:

Վերհիշելով իր կերտած դերերը՝ տկն Լուսինեն նշեց, որ բոլորն էլ սիրում է:

«Ինչ դեր էլ լինում է, կարողանում եմ իմը դարձնել: Կարող եմ խաղալ և՛ դրամատիկ, և՛ կոմեդիա, և՛ տրագիկոմեդիա ժանրերում: Վերջին ժանրը հատկապես շատ եմ սիրում. կարողանում ես և՛ հուզել, և՛ ծիծաղեցնել մարդկանց: Ես նման դերեր ունեցել եմ, օրինակ՝ «Քո վերջին հանգրվանը» ներկայացման մեջ: Դրամատիկական թատրոնում իմ առաջին դերը եղել է «Անուշ» ներկայացման մեջ, որում խաղում էի հեղինակին՝ Թումանյանին:

Սիրում եմ իմ բոլոր դերերը, բայց կարող եմ առանձնացնել հենց «Քո վերջին հանգրվանը» ներկայացումը, որտեղ մեկ գիշերվա մեջ Ժորա Հարությունյանն ինձ համար տղամարդու դերը փոխեց կնոջ: Կառանձնացնեմ նաև «Ավտոբուս», «Սեր ու ծիծաղ», «Շոկոլադ ուտող զինվորը», Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզներ» ներկայացումները»,- ընդգծեց նա:

Դերասանուհին զրույցն ընդհատեց՝ ասելով, որ մի տեսակ տխրությամբ է պատվում հոգին: Նկատեց, որ այս դեպքում պետք է մի լավ անեկդոտ պատմել, որպեսզի ընթերցողի «սիրտը բացվի»:

«Գյումրեցին և քյավառցին միասին գործ են սկսում, քյավառցին ասում է՝ արի խմենք, ով կհաղթի, կդառնա մեր տնօրենը: Խմում են մեկ, երկու, երեք, չորս շիշ, քյավառցին ասում է՝ մի հարց տամ, այդքան խմեցինք, ես քյավառցի եմ, չեմ կարողանում էլ խմել, դու ինչո՞ւ չես հարբել, գյումրեցին ասում է՝ ես օղին դեռ կուլ չեմ տվել, բերանիս մեջ է»,- պատմեց նա:

Կատակը կատակ, զրույցը՝ զրույց: Տկն Լուսինեն կրկին մտքերի մեջ ընկավ ու ասաց, որ մարդն իր կյանքի ընթացքում շատ բան է անում, բայց միշտ թվում է, թե չի արել գլխավորը:

«Ճգնում է, տանջվում, ամեն ինչ անում, բայց նորից նույնն է թվում, դեռ ամենակարևորը կա: Մարդու հոգին անծայրածիր է, միշտ ձգտում է նորին, կյանքն էլ անընդհատ փոխվում է, նորոգվում: Ուզում ես թռչել, ստեղծագործել, բայց ոչ մի հնարավորություն չեն տալիս: Ես հիմա մոլորված եմ:

Մարդիկ կան, ովքեր իրենց համար ստեղծում են, ներկայացումներ բեմադրում, ես այդ մարդկանցից չեմ, քաշվում եմ պատյանիս մեջ և մնում: Ես մենակ եմ, բայց մենակ լինում եմ կամ հուսահատված, կամ տրամադրված:

Ինձ համոզում եմ, որ պետք է տրամադրվեմ, բայց դրանից հետո հուսահատվում եմ ու մնում մենակ: Միշտ սպասողական վիճակի մեջ եմ, բայց ո՞ւմ՝ չգիտեմ: Հեռվում ինչ-որ աղոտ լույս է վառվում ու դա դառնում է իմ հույսը, որը կմարի այն ժամանակ, երբ մարի իմ կյանքը» ,- եզրափակեց տկն Լուսինեն:

Աղբյուր՝ Tert.am Life

Rate article