Առաջին մանրամասներն ու լուսանկարները «Աստղերի դպրոց» նոր սիթքոմից

ANIMALI CELEBRI

«ATV» հեռուտաընկերության նոր եթերաշրջանում եթերում կլինի երիտասարդական նոր սիթքոմ: Tert.am Life-ի հետ զրույցում սիթքոմի բեմադրող ռեժիսոր Դավիթ Զոհրաբյանը պատմել է «Աստղերի դպրոց» կոչվող սիթքոմի մանրամասներն ու տրամադրել լուսանկարներ նկարահանումների ընթացքից:

«Գաղափարը հեռուստաընկերության տնօրեն Ռուբեն Արամյանինն է, սցենարի հեղինակը Լիա Մելքոնյանն է: Սիթքոմը 33 մասից է կազմված, նախատեսում ենք ցուցադրել հոկտեմբերից և ավարտել Ամանորին ընդառաջ»,-ասաց նա:

Ռեժիսորը պատմեց, որ սիթքոմն արվեստի դպրոցում սովորող երիտասարդների մասին է, որոնցից մեկը տարբեր հանգամանքների պատճառով վատ շրջապատում է հայտնվել, նրան ստիպել են գողություն անել. «Գողություններից մեկի ժամանակ նա մտնում է մի շատ հարուստ մարդու տուն, ով, պարզվում է, իր դասընկերոջ հայրն է: Բացի գումարն ու ոսկեղենը, տղան գողանում է նաև շատ կարևոր ֆայլեր պարունակող կրիչ: Հենց դրա պատճառով նա մեծ պատմության մեջ է ընկնում: Նույնիսկ հետախույզ է գալիս Հայաստան, որ գտնի այդ ֆայլերը, հետախույզին մարմնավորում է դերասան Գարիկ Սեփխանյանը: Գողության հետքերով Գարիկը գալիս է դպրոց, սկզբնական շրջանում նա երիտասարդներին չի սիրում, հետո ընկերանում է նրանց հետ»:

Դավթի խոսքով` սիթքոմը սյուժետային ևս մեկ կարևոր գիծ ունի: Ամերիկահայ բարերարը մրցույթ է հայտարարում, որի հաղթող կարող են դառնալ դպրոցի հինգ լավագույն աշակերտ։

«Բարերարն իր ֆինասական միջոցներով այդ հինգին ուղարկում է Միացյալ Նահագներում սովորելու: Գլխավոր հերոսուհին չի գնում Միացյալ Նահանգներ, որպեսզի մնա իր սիրելիի հետ: Գլխավոր հերոսուհուն մարմնավորում է դերասանուհի Ջուլիա Եղշատյանը, գլխավոր հերոսին` Լեո Համբարձումյանը: Լեոն Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանող է, երգում է, տաղանդավոր տղա է»,-ասաց նա` հայտնելով, որ սիթքոմի դերասանական կազմում են նաև Էդուարդ Շահնազարյանը, Վահագն Գալստյանը, Վաչե Երիցյանը, Կարինե Ջանջուղազյանը, Ալինա Կիրակոսյանը:

Ըստ ռեժիսորի` սիթքոմը շատ հետաքրքիր է ավարտվում. «Վերջում երկրորդ եթերաշրջանի համար փոքրիկ հետք ենք թողել` չնայած այդ մասին դեռ վաղ է մտածել, կախված է պրոդյուսերներից»:

Հարցին, թե «Աստղերի դպրոց» սիթքոմն ինչո ՞վ է տարբերվելու մյուս սիթքոմներից, Դավիթը պատասխանեց. «Յուրաքանչյուր սիթքոմ իր լսարանն ունի: Մերն ավելի երիտասարդական է, ցույց ենք տալիս գովազդների միջոցով ինչպես են գումար վաստակում, չենք թերագնահատում սոցիալական կայքերը, բայց ասում ենք` ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, դրանցով տարվել պետք չէ: Հետաքրքիր սիթքոմ է` հետաքրքիր պատմություններով և դերասանական կազմով»:

Մարիամ Խաչատրյան

Rate article