Որոշեցի գրել… Գրում եմ ոչ թե որպես սև կամ սպիտակ, ոչ թե որպես հին կամ նոր, այլ որպես Կարեն Քոչարյան

Ոչ ռոբերտական եմ, ոչ էլ սերժական, ուզում եմ, որ այս իշխանությունն ունենա ամենամեծ հաջողությունները․ ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարեն Քոչարյանը։

Որոշեցի գրել…
Գրում եմ ոչ թե որպես սև կամ սպիտակ, ոչ թե որպես հին կամ նոր, այլ որպես Կարեն Քոչարյան, որը եղել է, կա և կմնա ՀՀ շարքային քաղաքացի: Ով այս երկրում ապրել է խորհրդային ժամանակահատվածից մինչ օրս և քիչ թե շատ ինչ-որ ճանապարհ է անցել:
ԴԻՄՈՒՄ ԵՄ ՆՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ:
Տղերք, եկել է գործ անելու ժամանակը: Պոպուլիզմը անցյալ տարվա ռեպերտուարն էր (ԶԼՄ-ներին խնդրում եմ, որ եթե այս նամակը տեղադրեն իրենց կայքերում, այս երկու նախադասությունը չդարձնեն վերնագիր): Հավատացեք, չեմ չարախնդում, չեմ քննադատում, չեմ ուզում, որ այս իշխանությունը ձախողվի, ոչ ռոբերտական եմ, ոչ էլ սերժական: Ավելին. ուզում եմ, որ այս իշխանությունն ունենա ամենամեծ հաջողությունները: Ոչ թենրա համար. որ ես նիկոլական եմ, այլ շատ ավելի մերկանտիլ նկատառումներով՝ որպեսզի իմ երեխաները ապրեն նորմալ, կայացած և առաջադեմ երկրում (ինձ ճանաչողները սրա մասին գիտեն շատ վաղուց): Իսկ դրա համար պետք է չվախենալ պատասխանատվությունից, սովորել որոշում ընդունել և, որ ամենակարևորն է, այդ որոշումները կյանքի կոչել: Այդ որոշումների մեջ կարող են լինել նաև սխալնել: Մի վախեցեք սխալվելուց: Չի սխալվում միայն նա ով ՈՉԻՆՉ չի անում:
ՉԻ ԿԱՐԵԼԻ ԴՈՒԽՈՎ ՈՉԻՆՉ ՉԱՆԵԼ:
Այսօր արդեն հներին բռնելով ոչնչի չեք հասնի, որովհետև խաղի կանոնները,դեռ անցյալ տարի, հենց դուք եք սահմանել, երբ մի քանի օլիգարխների բռնելուց հետո, բաց էիք թողնում՝ վնասը փոխհատուցելուց հետո (կարծում եմ օրինակներ բերելու կարիքը չկա): Եվ ճիշտ էիք անում, որովհետև այս կամ այն օլիգարխի կամ բիզնեսմենի նստելով երկրի և ժողովրդի վիճակը չի լավանալու: Ավելի լավ է նրանց առջև խնդիր դնել (կամ ստիպել, դուք ինձանից լավ գիտեք ձևերը) կապիտալ ներդրումներ անել և աշխատատեղեր ստեղծել: Չեմ ուզում խոսել ժողովրդի անունից (ինչպես դա անում եմ գրեթե բոլորը), բայց հավատացեք, շատերին արդեն չի հետաքրքրում ով ում բռնեց: Անգամ եթե այսօր Սերժին բռնեք դա ունենալու է 1-2 օրվա լրատվական էֆեկտ: ՈՉ ԱՎԵԼԻՆ: Նրանք վերադարձել են իրենց առօրյային, իրենց ընտանիքներին և ուզում են պարզապես լավ ապրել: Այն, որ բարքերի առումով երկրում շատ բան է փոխվել, ոչ ոք չի կարող հերքել: Բայց կրկնում եմ ԿԱՇԱՌՔ ՉՎԵՐՑՆԵԼԸ երկրի զարգացման անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն է: Սահմանեք հստակ խաղի կանոններ, որոնք պարտադիր կլինեն բոլորի համար: Հավատացեք այդ կանոններին հետևում են նաև դրսի ներդրողները:
Եվ մի բան էլ. սովորեք լսել: Լսել բոլոր մասնագետներին և պրոֆեսիոնալներին: Անգամ, եթե այդ մասնագետները ձեզ քննադատում են կամ այլ ճամբարից են: Անպայման չէ, կյանքի կոչեք նրանց ասածները: ԲԱՅՑ ԼՍԵՔ: Ֆեյսբուքն այս իմաստով ապագա չէ: Ֆեյսբուքի օգտատերերի մեծ մասը ԱՄԵՆ ԻՆՉԻ ՄԱՍՆԱԳԵՏ Է: Իսկ դա նշանակում է, որ ոչ մի բանի մասնագետ չէ: Մի վախեցեք ՀԿ-ների ճնշումներից: Դա նրանց գործն է: Իսկ ձեր գործը աշխատելն է: Օրինակ՝ ուժային կառույցները չեն կարող ՔՆՔՈՒՇ լինել: Այդ կառույցները նրա համար են, որ անհրաժեշտության դեպքում ուժ կիրառեն:

Առայժմ այսքանը:
Հարգանքներով, Կարեն Քոչարյան:

Понравилась статья? Поделиться с друзьями: