Երգեց «Մայրամուտն իջավ» երգը, հետո էլ դիմավորեց իր վերջին մայրամուտը․․․


Երգեց «Մայրամուտն իջավ» երգը, հետո էլ դիմավորեց իր վերջին մայրամուտը․․․ ասում էր՝ հանգիստ էղի քուրս, հաղթելու ենք, մինչև Բաքու ենք գնալու․․․

2000 թվականին ծնված Արմենակ Գասպարյանը զոհվեց Արցախի դեմ Ադրբեջանի ծավալած ռազմական գործողություններում:

«Եղբայրս բնավորությամբ շատ հանգիստ էր, ընկերասեր, կյանքով լեցուն էր, սիրում էր ժպտալ ու ժպիտ պարգևել շրջապատի մարդկանց»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արմենակի քույրը՝ Անուշ Գասպարյանը:


Արմենակը 3 տարի սովորել է երաժշտական դպրոցում՝ դաշնամուրի բաժնում: 2019 թվականի հուլիսի 1-ին մեկնել է ծառայության՝ հայրենիքի առաջ իր պարտքը կատարելու: Նա ծառայության անցավ Դիլիջանի զորամասում:

Արմենակը սեպտեմբերի 27-ից եղել է դիրքերում՝ ռազմի դաշտում. «Սեպտեմբերի 27-ից լուր չունեինք Արմենակից, չէինք կարողանում իր հետ կապվել, անգամ, չգիտեինք, թե որտեղ է: Մի քանի օր անց վերջապես կարողացավ կապ հաստատել մեր հետ, բայց շարունակում էր թաքցնել իր գտնվելու վայրը»,- պատմում է Անուշը:

Մարտի դաշտում Արմենակի տրամադրությունը մարտական էր, դժվար պահերին նա տղաներին ոգեշնչում էր երգելով: Պատերազմի դաշտում եղել է թե՛ վարորդ և թե՛ հրետանու օգնական. «Գրեթե ամեն օր զանգում էր ինձ, խոսում էինք, ոգևորված պատմում էր իր կատարած հերոսությունների մասին, շատ կապված էինք իրար հետ: Ամեն անգամ ասում էր՝ հանգիստ էղի քուրս, հաղթելու ենք, մինչև Բաքու ենք գնալու»,- մեծ ցավով նշում է Արմենակի քույրը:


Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 17-ը Արմենակը պայքարել է հայրենիքի պաշտպանության համար: Վիրավորվել է Մարտակերտում, սակայն բուժկետից վերադարձել ռազմի դաշտ՝ ընկերների կողքին պայքարը շարունակելու:

Արմենակը ընտանիքի անդամների հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 16-ին՝ փոքր-ինչ անհանգիստ ձայնով. «Վերջին անգամ շնչակտուր խոսեց մեզ հետ, ասաց՝ ամեն ինչ շատ լավ է, հանկարծ չմտածեք, լավ ա լինելու: Հոկտեմբերի 17-ին սպասում էինք նրա հերթական զանգին, բայց ավա՜ղ, էլ չզանգահարեց մեզ»,- խորը վշտով ասաց հերոսի քույրը:

 

Հերոսի սրտի աշխատանքը կանգ է առնում հոկտեմբերի 17-ին՝ 07:00-ին՝ թշնամու անօդաչու թռչող սարքի մահացու հարվածից:

Արմենակը ուներ մեկ նվիրական երազանք, որը այդպես էլ մնաց անկատար. «Եղբայրս երազում էր բանակից վերադառնալուն պես փոքր եղբորը երաժշտական դպրոց ընդունել և մեծ բեմերում նրան տեսնել, ցավում եմ, որ այդ երազանքը այդպես էլ մնաց լոկ երազանք»,- եզրափակեց նշեց Անուշը:

Понравилась статья? Поделиться с друзьями: