Բոլթոնի և Փաշինյանի միջև կապը պետք է մշտապես պահվի, որովհետև Բոլթոնը Վաշինգտոն հասնելու ամենակարճ ճանապարհն է

Մեր զրուցակիցն է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը

Պարոն Սարգսյան, նախօրեին տեղի է ունեցել Փաշինյան-Բոլթոն հեռախոսազրույց։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խոսել են հայ-ամերիկյան հարաբերության խորացման կարևորության մասին, նաև քննարկել տարածաշրջանային հարցեր: Որքանո՞վ է կարևոր այս հեռախոսազրույցը և որքանո՞վ է այն հերթական, շարքային զրույցների թվին պատկանում։

Չէր կարող Նիկոլ Փաշինյանի և Ջոն Բոլթոնի միջև հերթական շարքային խոսակցություն լինել, որովհետև Բոլթոնը շարքային գործիչ չէ, նա ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականն է՝ չափազանց ազդեցիկ ու լուրջ պաշտոնյա։ Ես բազմիցս առաջարկել եմ, որ Բոլթոնի և Փաշինյանի միջև կապը մշտապես պահվի, որովհետև Բոլթոնը Վաշինգտոն հասնելու ամենակարճ ճանապարհն է բոլոր առումներով։ Ըստ երևույթին` վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ այդ խորհուրդները լսել է, կամ գուցե ճիշտ է կողմնորոշվել և, այդուհանդերձ, Բոլթոնի հետ ուղիղ կապ է պահում։ Ուղղակի չեմ էլ կարողանում պատկերացնել, թե ով կարող էր Բոլթոնի հետ ուղիղ կապ պահել, եթե ոչ Փաշինյանը։ Որովհետև, ըստ էության, ԱԳ նախարարն իր գործընկերն ունի, պաշտպանության նախարարն իր գործընկերն ունի, և շատ ուրախ եմ, որ կապը պահում է հենց վարչապետը։ Սա շատ արդյունավետ կապ է, որը պետք է միշտ օգտագործել։

Ինչ վերաբերում է քննարկվող հարցերին, ապա հիմք ընդունելով վարչապետի ասածը, հակված եմ կարծելու, որ Արցախի վերաբերյալ խոսակցություն չի եղել։ Եթե տարածաշրջանային անվտանգության մասին են խոսել, ապա դա, ամենայն հավանականությամբ, վերաբերել է Սիրիայում Հայաստանի ներգրավվածությանը։ Կարծում եմ՝ սա հնարավոր է, որ քննարկված լինի, մանավանդ հաշվի առնելով, թե ինչ կարևորություն ունի սիրիական ճգնաժամը Ամերիկայի համար։ Հատկապես այն ֆոնին, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս Սիրիայից, և Հայաստանը ներգրավվում է Սիրիայում։ Քանի որ ինֆորմացիան քիչ է վերլուծելու համար, այս պահին գնահատականներ տալը, կարծում եմ՝ ճիշտ չի լինի։ Սպասենք, մինչև վարչապետը վերադառնա, գուցե փակագծերը մի քիչ բացի, թե ինչի մասին են խոսել։

Վերջին օրերին շատ քննարկվեց Փաշինյան-Ալիև 1,5 ժամ տևած հանդիպումը, նշվեց, որ թափանցիկ չի եղել հանդիպումը։ Դրանից հետո ռուսաստանցի քաղաքագետ Տարասովը հայկական թերթերից մեկի հետ զրույցում ասաց, որ նրանք, ովքեր կարծում են, թե առանց Արցախի հավանության չի լինի որևէ զարգացում կարգավորման գործընթացում, ռոմանտիկներ են: Նա նաև հայտարարեց, որ Փաշինյանն ու Ալիևը հունիսին ստորագրելու են Արցախի խնդրի վերաբերյալ համաձայնագիր, որտեղ հայկական կողմն անուղղակի փոխզիջումների ներքո ստիպված է լինելու զիջել մի քանի շրջաններ։ Ինչպես եք գնահատում այդ հայտարարությունները. Սա պաշտոնական Մոսկվա՞ն է խոսում Տարասովի շուրթերով։

Ես լուրջ չէի վերաբերվի այս հայտարարությանը։ Ես չեմ պատկերացնում, որ հայկական կողմը միակողմանի զիջումների կգնա ու ինչ-որ փաստաթղթեր կստորագրի Ադրբեջանի հետ, որքան էլ որ Հայաստանի ղեկավարը լեգիտիմության բարձր վարկանիշ ունենա։ Կարծում եմ՝ սա սադրիչ բնույթի հայտարարություն է, բայց նման հայտարարությունները հասարակության տրամադրությունների վրա ազդում են, որովհետև կա որոշակի պարզաբանման կարիք իշխանությունների կողմից։ Մենք գիտենք, որ Փաշինյանի և Ալիևի միջև տեղի ունեցած ոտքի վրա հանդիպումը կազմակերպված չի եղել Մինսկի խմբի համանախագահների կողմից, այլ տեղում առաջարկել են, և տեղում առաջարկությունը երկու կողմերն ընդունել են։ Ես չգիտեմ էլ, թե ովքեր են եղել առաջարկողները, որովհետև, ինչպես հասկանում եմ, Մինսկի խմբի համանախագահներն այդ հանդիպմանը ներկա չեն եղել, համենայնդեպս, դրա վերաբերյալ տեղեկություններ չկան։ Դրա համար ես կարծում եմ, որ գործընթացը հնարավորինս թափանցիկ պետք է լինի, և վարչապետը խոստացել է, որ Արցախի շուրջ ընթացող գործընթացների վերաբերյալ ինքը հնարավորինս թափանցիկ է լինելու, որպեսզի հանրությունը իրազեկված լինի, թե ինչ է կատարվում։ Կարծում եմ, որ վարչապետի վերադառնալուց հետո կհասկանանք, թե ինչի մասին են խոսել Ալիևի հետ։

Ամեն դեպքում լուրջ զարգացում, լուրջ փոփոխություններ սպասվո՞ւմ է արդյոք նման հանդիպումների արդյունքում։

Ճիշտ եք նշում, որ սրանք հանդիպումներ են, ոչ թե բանակցություններ։ Բանակցություններն այս պահի դրությամբ վարում են երկու երկրների ԱԳ նախարարները, իսկ Փաշինյանն ու Ալիևը հանդիպումներ են ունեցել տարբեր առիթներով, տարբեր համաժողովների ժամանակ։ Դա չի եղել բանակցային գործընթաց։ Բանակցություն կլինի այն ժամանակ, երբ կլինի Մինսկի խմբի ձևաչափի ներքո կազմակերպված հանդիպում։ Իսկ սրանք հանդիպումներ են, որոնց ընթացքում կարող են հազարավոր հարցեր քննարկվել, բանակցային գործընթաց, որպես այդպիսին չկա։

Վերջերս Թուրքիան է ակտիվացել, մասնավորապես, Չավուշօղլուն հայտարարեց, որ 2019-ին իրենք կինտենսիվացնեն իրենց աշխատանքները Ղարաբաղի հարցի հետ կապված։ Ի՞նչ է ակնարկում Թուրքիան, որքանով նրան կհաջողվի միջամտել Արցախի խնդրին և ինչու է նա հենց 2019 թվականը մատնանշում։

Թուրքիան փորձում է լրացուցիչ ճնշում բանեցնել Հայաստանի վրա, դա թուրքական քաղաքականության բաղկացուցիչ մասն է։ Թուրքիան միշտ էլ փորձել է ճնշում գործադրել Հայաստանի վրա Արցախի հիմնախնդիրը հօգուտ Ադրբեջանի լուծելու համար, և սա էլ այդ փորձերից մեկն է։ Ես կարծում եմ, որ Թուրքիան ավելի շատ ճնշման մեխանիզմներ ուղղակի չունի։ Այսինքն այն, ինչ այսօր անում է, դրանից ավելին անել չի կարող, եթե իհարկե, պատերազմ չհայտարարի Հայաստանին։

Понравилась статья? Поделиться с друзьями: